Որոնվող քաղաքացիներից մեկը որոշ տեղեկությունների համաձայն՝ պայթյունի պահին եղել է շենքի առաջին հարկի մուտքի մոտ։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 17-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Արտակարգ իրավիճակների փոխնախարար Արտյուշ Գրիգորյաը։
«Եթե անհետ կորածներից մեկը չնույնականացված քաղաքացին է, հետեւաբար՝ ունենք մեկ անհետ կորած քաղաքացի։ Մեր տեղեկությունների համաձայն՝ անհետ կորած քաղաքացին պայթյունի պահին եղել է շենքի առաջին հարկի մուտքի մոտ։ Մենք հիմա որոնողական աշխատանքներ ենք ներկայացնում շինության մոտակա տարածքներում, ինչը լրացուցիչ բարդություններ է առաջացանում, որովհետեւ շենքի փլուզման վտանգ կա»,- նշել է նա։
Փոխնախարարի խոսքով՝ քննարկումների համար մասնագետներ են հրավիրվել նախարարության սեյսմիկ ծառայությունից եւ մասնավոր ընկերությունից։ Հիմա իրականացվում է շինության շրջակայքի հովացման աշխատանքներ, որպեսզի կինոլոգները եւ փրկարար շները կարողանան աշխատել։
«Այս պահին իրականացվել է փլատակների մաքրման աշխատանքների 70 %-ը։ Քիչ է հավանականությունը, որ աշխատանքներն այսօր կավարտվեն, բայց չի էլ բացառվում։ Ամեն ինչ կախված է այն բանից, թե երբ կհայտնաբերենք քաղաքացիներին։ Մենք հիմա քննարկում ենք շենք մուտք գործելու հարցը, որպեսզի իրականացնենք որոնողական աշխատանքներ»,- ասաց Արտյուշ Գրիգորյանը։
Արտյուշ Գրիգորյանի խոսքով՝ նախարարությունը հատակագծերն ի սկզբանե ունեցել է, բայց որոնողական աշխատանքների ժամանակ հայտնաբերվել են տարածքներ, որոնք այդ հատակագծերում չէին երեւում։
«Մենք այդ պատճառով ցանկացել ենք լրացուցիչ նախագիծ, որ նույնականացնենք մեր ունեցածի հետ։ Փլուզման հետեւանքով ամբողջ կառուցվածքը խաթարվել է։ Դժվար է ասել՝ եղել է տարածք, որը նախագծում չկար, թե փլուզման ժամանակ է փոփոխություններ եղել»,- նշեց փոխնախարարը։
Արտյուշ Գրիգորյանն ընդգծեց, որ կենտրոնի սեփականատերերը որոնողական աշխատանքներին չեն մասնակցում, սակայն կապ են պահպանում։
Նա հավելեց, որ աշխատանքների ավարտից հետո շենքն ամբողջությամբ ապամոնտաժվելու է։