«Սուրմալու» առեւտրի կենտրոնում որոնողական աշխատանքները դադարեցվել են, լույսը բացվելուն պես կվերականգնվեն։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 17-ին, լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
Ըստ մամուլի խոսնակի՝ աշխատանքները դադարեցումը պայմանավորված է այն տեղանքով, որտեղ տեղի է ունեցել պայթյունը։ Նա նշեց, որ այդ հատվածում ավելի վտանգավոր իրավիճակ է. «Այդ հատվածում փլուզման վտանգն ավելի մեծ է։ Եվ շտաբի կողմից որոշվել է գիշերային ժամերին աշխատանքները դադարեցվեն, լույսը բացվելուն պես կվերականգնվեն աշխատանքները»։
Նշենք, որ ուժեղ պայթյունի հետեւանքով կա 16 զոհ, որոնցից մեկի ինքնությունն առայժմ պարզված չէ։ Հայկ Կոստանյանն ասաց, որ նրա ինքնությունը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, նմուշառուն արդեն վերցված է. «Իմ ունեցած տվյալներով՝ 5 օրվա ընթացքում կիմանանք քաղաքացու ինքնությունը»։
Հայկ Կոստանյանն ամփոփեց պայթյունի վայրում երեք օրերին կատարված աշխատանքները։ Նա նշեց, որ որոնողափրկարարական եւ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են թվով 935 հրշեջ-փրկարար, Կարմիր խաչի ներկայացուցիչներից՝ 201 անձ, «ՈՄԱ» կազմակերպությունից՝ 132 կամավոր. «Հրդեհի բռնկումից եւ պայթյունից հետո մենք 49 ժամվա ընթացքում մեկուսացրել ենք հրդեհը, իսկ 4 ժամ անց հրդեհի մարում ենք տվել, ժամանակ առ ժամանակ իրականացվել են հովացման աշխատանքներ։ Փլատակներից դուրս է բերվել 26 քաղաքացու, որոնցից 16-ը, ցավոք, մահացած, հաջողվել է փրկել 10 մարդու կյանք»։