Հարավային Կորեան եւ ԱՄՆ-ը սկսել են ամենամյա զորավարժությունները՝ երկու երկրների մարտունակությունը բարձրացնելու ձգտման ֆոնին, կապված Հյուսիսային Կորեայի կողմից զենքի պոտենցիալ փորձարկումների հետ։
Ամառային զորավարժությունները, որոնք այս տարի անվանվել են «Ուլչի՝ Ազատության վահան», անցկացվում են այն բանից հետո, երբ Հարավային Կորեայի նախագահ Յուն Սուկ Յոլը, որը պաշտոնն ստանձնել է 2022թ. մայիսին, խոստացել է «կարգավորել» համազորային զորավարժությունները եւ ուժեղացնել Հյուսիսի զսպումը։ Նախատեսվում է զորավարժություններն ավարտել սեպտեմբերի 1-ին, տեղեկացրել է «Голос Америки»-ն։
Վերջին տարիներին զորավարժությունների մասշտաբները փոքրացել էին COVID-19-ի եւ այն բանի հետ կապված, որ Յուն Սուկ Յոլի նախորդը ձգտում էր վերսկսել բանակցությունները Փհենյանի հետ, որը զորավարժություններն անվանում էր ներխուժման փորձարկում։
Օրերս Հյուսիսային Կորեան երկու թեւավոր հրթիռ է արձակել Օնչհոն քաղաքի մոտ, որը գտնվում է երկրի արեւմտյան ափին, այն բանից հետո, երբ Հարավային Կորեան եւ ԱՄՆ-ը սկսել են զորավարժությունների նախապատրաստությունը։
Յուն Սուկ Յոլը հայտարարել է, որ իր կառավարությունը պատրաստ է տնտեսական օգնություն ցուցաբերել, եթե Փհենյանը ապամիջուկայնացման քայլեր ձեռնարկի, բայց Հյուսիսային Կորեան մերժել է այդ առաջարկը՝ բացահայտ դատապարտելով այն։
Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ այս ամռանը դաշնակիցներն իրականացնելու են 11 դաշտային ուսումնական ծրագիր, այդ թվում բրիգադի մակարդակով, մի քանի հազար զինվորների մասնակցությամբ։
Գերատեսչությունը տեղեկացրել է, որ Սեուլին ավելի ու ավելի սպառնացող հյուսիսկորեական հրթիռային հարվածին արդյունավետ դիմակայելու համար մտադիր է բարձրացնել հրթիռների հայտնաբերման պոտենցիալը եւ հասնել դրանց որսման նոր համակարգի արագ տեղակայմանը։ ԱՄՆ-ը, Հարավային Կորեան եւ Ճապոնիան մասնակցել են հակահրթիռային պաշտպանության ուժերի՝ վերջերս Հավայան կղզիների մոտ տեղի ունեցած զորավարժություններին, որոնք նման տեսակի առաջին վարժանքներն էին 2017 թվականից ի վեր։