Ոսկե մեդալս նվիրում եմ իմ փոքրիկ Սառային: Այդ նպատակով էլ եկել էի Մյունխեն, որ չեմպիոն դառնամ, եւ այս մեդալը փայլի նրա կրծքավանդակին:
Այսպես Մյունխենից իր հաղթանակը մեկնաբանեց Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հարություն Մերդինյանը:
Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի ավագը 6 տարի անց կրկնեց իր հաջողությունը Եվրոպայի առաջնությունում՝ դառնալով Եվրոպայի կրկնակի չեմպիոն:
Ռիոյի Օլիմպիական խաղերից հետո Հարություն Մերդինյանը որոշել էր ավարտել մարզական կարիերան: Որոշ ժամանակ անց, մասնավորապես, Արթուր Դավթյանի՝ Օլիմպիական խաղերում բրոնզե մեդալ նվաճելուց հետո 38-ամյա մարմնամարզիկը որոշեց կրկին վերադառնալ մեծ սպորտ: Այդ որոշմանը նպաստեցին Հայաստանի հավաքականի մարզիչներրը՝ Հակոբ Սերոբյանը, Հայկ Նազարյանը, անձնական մարզիչ Սոս Սարգսյանը, թիմի անդամները, ինչպես նաեւ Հարությունի նորաստեղծ ընտանիքը: Հարություն Մերդինյանը վերջերս հայր է դարձել:
Հարություն, շնորհավորում եմ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը երկրորդ անգամ նվաճելու կապակցությամբ: Սա քո «ոսկե» վերադարձն էր մարզական կարիերան ավարտելու մտադրությունից հետո: Ո՞վ կամ ի՞նչը քեզ ոգեշնչեց նորից վերադառնալ մրցահարթակ:
Շնորհակալ եմ շնորհավորանքների համար: Ինձ մշտապես բոլորը, մեր մարզիչներն ասում էին, որ դեռ ժամանակը չէ՝ ավարտել կարիերան, եթե կարողանում եմ, այն էլ այս տարիքում, ինչո՞ւ չշարունակեմ: Ամենամեծ ոգեշնչումս աղջիկս է: Նա ինձ ուժ տվեց, երկրորդ շնչառություն եւ անսահման ցանկություն՝ նորից պայքարել բարձր արդյունքների, ոսկե մեդալի համար: Նա մեծ դեր ունի իմ՝ մեծ սպորտ վերադառնալու հարցում: Նպատակային էր այս հաղթանակը, նաեւ իմ վերադարձը մրցահարթակ:
Դստերս ծնվելուց հետո մի քանի անգամ առիթներ են եղել, երբ մեր բարեկամների հարազատների երեխաներն են եկել մեր տուն, իմ մեդալներն են տեսել, կախել իրենց պարանոցին: Այդ ամենը տեսնելով՝ ես ինքս ինձ որոշել եւ իմ առջեւ նպատակ էի դրել, որ պետք է վերադառնամ, մասնակցեմ Եվրոպայի կամ աշխարհի առաջնությանը, չեմպիոն դառնամ եւ այդ մեղալը կախեմ իմ դստեր պարանոցից, նվիրեմ նրան: Աշխարհի գավաթի փուլերից հետո առաջին լուրջ մրցաշարը Եվրոպայի առաջնությունը եղավ եւ Մյունխեն եկա այդ նպատակս իրականություն դարձնելու համար: Այս հաղթանակս նվիրում եմ իմ փոքրիկ Սառային:
Ինչ վերաբերում է մեծ սպորտ վերադառնալուն, իսկապես կար մի շրջան, որ այլեւս ցանկություն, նպատակ չէի տեսնում շարունակելու: Հաճախում էի մարզադահլիճ, մարզվում էի, բայց նպատակ չէի դնում մասնակցել մրցաշարերի: 2021 թվականի Հայաստանի առաջնությունից հետո մեր մարզիչները, ընկեր Հակոբը, ընկեր Սոսը, Հայկ Նազարյանը, սպորտային ընկերներս պարբերաբար ոգեշնչում էին ինձ, թե ինչու չեմ շարունակում, եթե կարողանում եմ, ինչու չմասնակցեմ մրցաշարերի: Այդպես աստիճանաբար մարզումներն ինձ հասցրին Եվրոպայի առաջնության ոսկե մեդալին:
Տարիքս ինձ չի խանգարում: Եվրոպայի մրցահարթակում շատ աշխույժ, առույգ եւ հպարտ էի զգում եւ կարեւոր չէր, որ մասնակիցների մեջ ամենաավագն էի տարիքով: Ես էլ համոզվեցի, որ եթե կարողանում եմ 25-26 տարեկանների պես կատարել վարժությունս, հաղթել երիտասարդներին, ինչու չշարունակեմ:
Առաջին անգամ Եվրոպայի չեմպիոն դարձար 2016 թվականին: Որքանո՞վ էին տարբեր զգացողություններդ պատվո հարթակին:
Շատ տարբեր էին: Աննկարագրելի: Երկրորդ անգամ չեմպիոն դառնալու ուրախությունը, հպարտությունը, հույզերն ավելի ուժեղ են, ուրիշ են: 2016 թվականին երբ կանգնեցի պատվո հարթակի առաջին աստիճանին, անսահման երջանիկ էի ու հպարտ: Ուրախությունս այլ էր, որ մեզ հաջողվեց պատմություն կերտել: Այստեղ՝ Մյունխենի պատվո հարթակին հպարտ էի, որ կարողացա կրկնել հաջողությունս, կարողացա պատվով ներկայացնել իմ երկիրը: Նաեւ շատ հպարտ էի, որ նպատակս իրականություն դարձրի: Ես այդպես էլ ուզում էի, որ մեկ անգամ չեմպիոն դառնամ, նվիրեմ 8-ամսական դստերս: Այս առումով զգացողություններս շատ տարբեր էին:
Հավատո՞ւմ էիր, որ կհաղթես: Սպասվա՞ծ էր:
Եթե հավատս չլիներ, չէի մասնակցի: Մինչեւ Մյունխեն մեկնելը, արդեն մրցավայրում հավատացել եմ, որ կկարողանամ կրկնել հաղթանակս: Նույնիսկ մարզումներին առանց հավատի չեմ գնում: Չեմ մարզվի, չեմ պատրաստվի ուղղակի եզրափակիչ դուրս գալու համար: Միշտ էլ պայքարել եմ մեդալ նվաճելու համար:
Ի՞նչ էիր մտածում պատվո հարթակին Հայաստանի հիմնը լսելիս եւ դրոշը բարձրանալիս:
Մտածում էի, որ ես կարողացա հայ ազգի պատիվը բարձր պահել: Մեր ազգը միշտ պետք է բարձրում լինի, հաղթանակներ տոնի. դժվարանում եմ բացատրել այդ պահի զգացողություններս: Մենք հաղթող ազգ ենք:
Կտեսնե՞նք քեզ Փարիզ-2024-ում:
Դեռ չեմ կարող ասել՝ կմասնակցեմ Օլիմպիական խաղերին, թե ոչ: Առջեւում աշխարհի առաջնությունն է: Կփորձեմ առավելագույնն անել լավ մասնակցելու եւ մեդալ նվաճելու համար: Այս պահին միայն մտածում եմ շուտ հայրենիք վերադառնալու մասին, որպեսզի նվերս հանձնեմ դստերս: Ընտանիքիս կարոտել եմ: