ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկված քննչական եւ վարութային անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել են օգոստոսի 24-ին վարկային կազմակերպություններից մեկում կատարված ավազակության փորձի հանգամանքները: Այս մասին  տեղեկանում ենք Քննչական կոմիտեից:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2022 թվականի օգոստոսի 24-ին՝ ժամը 05:10-ի սահմաններում, Երեւան քաղաքի 26-ամյա բնակիչը, իր մոտ ապօրինի պահվող մարտական նռնակով մուտք է գործել Երեւան քաղաքի Բագրատունյաց փողոցում գործող վարկային կազմակերպություն եւ աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով՝ նռնակի բացահայտ ցուցադրմամբ, պահանջել գումար: Մերժում ստանալով՝ 26-ամյա երիտասարդը դիմել է փախուստի՝ իր կամքից անկախ հանգամանքներում չկարողանալով հանցագործությունն ավարտին հասցնել:


Փախուստի դիմելու ընթացքում, վերջինս նկատվել է ոստիկանության աշխատակիցների կողմից եւ իրականացված միջոցառումների արդյունքում վնասազերծվել: 26-ամյա երիատասարդը, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, ձերբակալվել է:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 44-252-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով եւ 335-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քրեական վարույթի շրջանակներում կատարվել է դեպքի վայրի զննություն, վերցվել է մարտական նռնակը, հարցաքննվել են կազմակերպության մի շարք աշխատակիցներ, որոշում է կայացվել տեսագրություններն առգրավելու մասին, նշանակվել է դատապայթյունատեխնիկական փորձաքննություն:

Կատարվում է նախաքննություն: