Ադրբեջանը հայտարարում է Բերձորն ու հարեւան գյուղերը վերահսկողության տակ առնելու մասին։ Բաքվի համար նշանակալի իրադարձության մասին Twitter-ի իր էջին հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը. «Ադրբեջանական բանակը տեղակայվել է Լաչին քաղաքում, Զաբուխ եւ Սուս գյուղերը վերահսկողության տակ են վերցրել»։

Մինչդեռ այլընտրանքային ճանապարհի հարցն այդքան էլ հասկանալի չէ։ Նախ՝ Ադրբեջանը, խախտելով 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, միակողմանիորեն «որոշեց» եւ «իրագործեց» նոր երթուղին։ Հայաստանի եւ Արցախի իշխանությունները կտրականապես հերքում են ցանկացած ենթադրություն բանավոր պայմանավորվածությունների առկայության մասին։ Ռուսական կողմը՝ ի դեմս Երեւանում ԱԳՆ եւ դեսպանատան ներկայացուցիչների, հայտարարել է, որ խնդիրը պետք է լուծվի եռակողմ հայտարարության համաձայն։ Հաշվի առնելով, որ Ադրբեջանն արդեն իսկ խախտել է այն, կարելի է միայն կռահել, թե ինչ է թաքնված դիվանագետների հայտարարությունների հետեւում։ Չնայած այս ամենին՝ հայկական կողմն առանց էական առարկությունների Ադրբեջանին հանձնեց Բերձորը (Լաչին)՝ հարակից գյուղերով։Այնպես ստացվեց, որ Բերձորի նկատմամբ վերահսկողության մասին Իլհամ Ալիեւը հնարավորություն ունի հայտարարել իր կնոջ՝ Մեհրիբանի ծննդյան օրը։


Ինչ վերաբերում է այլընտրանքային ճանապարհին, ապա Ադրբեջանը պնդում է, որ իր հատվածը կառուցել է։ Խնդիրն այն հատվածում է, որը պետք է կառուցի Հայաստանը։ Նախատեսվում է, որ վերջնական ճանապարհը պատրաստ կլինի մինչեւ 2023 թ. գարուն, իսկ առայժմ պետք է բավարարվել հողային ճանապարհով։ Անհասկանալի է մնում՝ պատրա՞ստ է արդյոք հողային ճանապարհը, չէ որ հենց երեկ Արցախի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը հայտարարեց, որ «Բերձորի միջանցքի նոր երթուղին կգործարկվի այս տարվա սեպտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում։

«Մինչ այդ կգործի Ստեփանակերտ-Բերձոր-Գորիս ավտոճանապարհը։ Այլընտրանքային երթուղին կգործի նոր հարավային միջանցքով։ Նոր ճանապարհով տեղաշարժը կսկսվի միայն այն բանից հետո, երբ կտեղակայվեն ռուսական խաղաղապահ ուժերի բոլոր անցակետերը։ Այդ ընթացքում պատրաստ կլինի 4.5 կիլոմետր երկարությամբ ժամանակավոր հատվածը, որի մի մասն արդեն ասֆալտապատվել է եւ ամբողջությամբ կավարտվի առաջիկա օրերին։ Ենթադրվում է, որ սեպտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում երթեւեկություն կկազմակերպվի նոր ճանապարհով»,- պարզաբանել է նախարարը։