«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը մինչեւ վարչապետի՝ խորհրդարան ժամանելը խմբակցության նիստ է հրավիրել եւ քննարկել հայ-ադրբեջանական սահմանին նախօրեի գիշերը ստեղծված իրավիճակը։ Վարչության անդամները, ովքեր հարձակումից ժամեր անց՝ գիշերը հավաքվել են կառավարությունում եւ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել իրավիճակը, շարքային ՔՊ-ականներին տեղեկացրել են, որ հայկական զինուժը նախապես տեղյակ է եղել Ադրբեջանի հնարավոր գրոհի մասին, եւ կարողացել են իբրեւ թե խափանել ադրբեջանցիների լայնամասշտաբ առաջխաղացումը։
Հայտարարել են, որ մի քանի հատվածներում ունենք դիրքային կորուստներ, սակայն Ադրբեջանը չի հասել իր վերջնանպատակին եւ չի կարողացել իր ուզած քարտեզով բացել Զանգեզուրի միջանցքի ճանապարհը: Ասել են, որ այս ագրեսիայի նպատակը հենց դա է եղել` միջանցքը ստանալը։ Խմբակցության նիստում քննարկել են նաեւ ռազմական դրություն հայտարարելու անհրաժեշտության հարցը եւ եկել եզրահանգման, որ դեռեւս դրա կարիքը չկա` ադրբեջանական զինուժը չի խորացել ՀՀ սուվերեն տարածքում։
Կատարվածը կարող են որակել որպես սահմանային կոնֆլիկտ եւ չսրել իրավիճակը: Փաստորեն, դեռ հույս ունեն Ադրբեջանի հետ լեզու գտնելու»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում