ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ուրբաթ հանդիպել է Ռուսաստանում կալանավորված ամերիկացի բասկետբոլի աստղ Բրիթնի Գրայների եւ Փոլ Ուելանի ընտանիքի անդամների հետ, ինչը դարձրել է ԱՄՆ նախագահի եւ նրանց ընտանիքների առաջին անձնական հանդիպումը, հաղորդում է AP-ն:

Ռուսաստանում ձերբակալվածների հարազատների հետ նախագահի հանդիպումներից հետո Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարինե Ժան-Պիեռը հայտարարել է, որ Բայդենը ընտանիքներին հայտնել է իր «անսասան հանձնառությունն աշխատելու բոլոր հասանելի միջոցների ուղղությամբ, որպեսզի Բրիթնին եւ Փոլն անվտանգ տուն վերադառնան»:


Այնուամենայնիվ, ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչները հայտարարել են, որ այդ հանդիպումները չեն վկայում այն մասինկ, որ Ռուսաստանի հետ բանակցությունները նրանց ազատ արձակման համար բեկման են հասել:

«Նախագահը չի պատրաստվում հանձնվել,- լրագրողներին ասել է Քիրբին։- Նա վստահ է, որ սա կմնա իր եւ իր թիմի ուշադրության կենտրոնում, եւ նրանք կշարունակեն քրտնաջան աշխատել»:

Գրայները Ռուսաստանում է փետրվարից թմրանյութերի օգտագործման մեղադրանքով։ Անցյալ ամիս նա մեղավոր ճանաչվելուց հետո ինը տարվա ազատազրկման էր դատապարտվել եւ բողոքարկում է պատիժը: Ուիլանը 16 տարվա ազատազրկում է կրում լրտեսության մեղադրանքով, որը, ըստ նրա եւ նրա ընտանիքի, կեղծ է: ԱՄՆ կառավարությունը երկուսին էլ անարդարացիորեն կալանավորված է համարում` նրանց գործերը փոխանցելով պատանդների մասով գլխավոր բանակցողի գրասենյակ: