«Գտնվում ենք խորը անվտանգային ճգնաժամի մեջ, երբ իշխանությունն ի վիճակի չէ պաշտպանել երկրի տարածքային ամբողջականությունը, վերջին իրավիճակը նաև ցույց տվեց, որ չեն կարողանում ներգրավել մեր գործընկերներին պայմանագրերով սահմանված պարտավորությունները կատարելու համար: Իշխանությունը տարվել է խաղաղության դարաշրջան բացելու թեզով, այդ թեզի ներքո ուղղակի անտեսել է անվտանգության բազմաթիվ հարցեր»,- հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում՝ ներկայացնելով իրավիճակը Արցախում և Հայաստանում, ասաց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Բաքվի և Անկարայի դերը շեշտակի աճել են, այս իրավիճակում անտեսել անվտանգային հարցերը, ուղղակի հանցավոր անգործություն է: Վարչապետի ելույթը ՄԱԿ-ում խաղաղության դարաշրջանի հոգեհանգստի ելույթ էր, իրականում իր բովանդակությամբ դա նշանակում էր, որ սպասելիքներ չկան: Հոգեհանգստի ժամանակ ոչ ոք հանգուցյալին առողջություն չի ցանկանում: Այս էջը պետք է փակել և պետք է բացել նոր էջ այլ հիմքերի վրա հենված»,- ասաց Քոչարյանը: