Մարտական դիրքում հրազենային վիրավորմամբ մահացած հայտնաբերված պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Տիգրանի Քարամյանը Արմավիրի մարզի Փշատավան գյուղից էր։

Հրաչյան բանակ էր զորակոչվել նախորդ տարվա ամռանը, ծառայում էր Վարդենիսում։ Հրաչյան մասնակցել էր սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերն Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին։


«Երեք օր իրենից լուր չունեինք։ Տղաները բարձրացել էին դիրքեր, կապը կորել էր։ Հետո զանգեց, ասաց՝ ամեն ինչ լավ է, շուտով կիջնի դիրքերից։ Ինքը շատ բարի, հանգիստ, կշռադատված տղա էր։ Չեմ հասկանում՝ ինչ կարող էր պատահած լինել։ Հանգամանքները մեզ դեռ պարզ չեն»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Հրաչյա Քարամյանի հորեղբայրը՝ Ազատ Քարամյանը։

Հրաչյան ընտանիքի միակ որդին էր, ուներ իրենից փոքր մեկ քույր, ցանկանում էր ճանապարհային ոստիկան դառնալ։

Ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 30-ին՝ ժամը 23:40-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Տիգրանի Քարամյանի (ծնվ. 2003թ.) դին` դեռևս անհայտ հանգամանքներում ստացած հրազենային վիրավորումով:

Տարվում է քննություն դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար: