Ռուսաստանը կոշտ պատասխան կտա, եթե ուկրաինական իշխանությունները շարունակեն կազմակերպել ահաբեկչություններ, ասել է Վլադիմիր Պուտինն Անվտանգության խորհրդի նիստում։
Պետության ղեկավարն ընդգծել է, որ Ղրիմի կամրջի պայթյունի հետեւում կանգնած են Կիեւի իշխանությունները։
«Քրեագիտական եւ այլ փորձաքննությունների տվյալները, ինչպես նաեւ օպերատիվ ինֆորմացիան վկայում են այն մասին, որ հոկտեմբերի 8-ի պայթյունն ահաբեկչական գործողություն է։ Ահաբեկչական գործողություն՝ ուղղված Ռուսաստանի կրիտիկականորեն կարեւոր քաղաքացիական ենթակառուցվածքը վնասելուն։ Ակնհայտ է նաեւ, որ ահաբեկչության պատվիրատուները, կազմակերպիչները, կատարողներն ուկրաինական հատուկ ծառայություններն են»,- նշել է Պուտինը։
Բացի այդ, Ռուսաստանի նախագահն Ուկրաինային մեղադրել է միջուկային ահաբեկչության ակտերի, Զապորոժիեի ԱԷԿ-ի եւ Կուրսկի ԱԷԿ-ում դիվերսիայի փորձի մեջ։
«Ուկրաինայի հատուկ ծառայություններն իրականացրել են նաեւ արդեն երեք ահաբեկչական գործողություն Ռուսաստանի Կուրսկի ԱԷԿ-ի նկատմամբ՝ քանիցս վնասելով բարձրակարգ էլեկտրակայանի գծերը։ Երրորդ նման ահաբեկչության հետեւանքով վնասվել է երեք նման գիծ։ Նախաձեռնված միջոցներով վնասը կարճ ժամկետում վերացվել է, որեւէ լուրջ հետեւանք թույլ չի տրվել»,- ասել է նա։