Ամերիկացի մեծահարուստ, գործարար Իլոն Մասկը Ղրիմի հարցով փոխզիջումն անվանել է Ուկրաինայի հակամարտության կարգավորման ամենահավանական սցենարը։ Այս կարծիքը նա հայտնել է Twitter-ի իր միկրոբլոգում։
«Փոխզիջումն ամենահավանական արդյունքն է, բայց հարցն այն է, թե մինչ այդ որքան մահ և ավերածություն տեղի կունենան»,-գրել է նա:
Մասկի մեկնաբանությունը հնչել է ի պատասխան սոցցանցերի մեկ այլ օգտատիրոջ գրառման, որը կանխատեսում էր Ուկրաինայում հակամարտության շարունակման երեք սցենար՝ «հավերժական պատերազմը», «միջուկային պատերազմը», ինչպես նաև փոխզիջումը, որով Վաշինգտոնը հասկացնելու է Ուկրաինային, որ Ղրիմն այլևս իրեն չի պատկանում։
Մինչ այս Մասկը նշել էր, որ Ռուսաստանի կողմից Ղրիմի կորուստը կհանգեցնի միջուկային զենքի օգտագործման և երրորդ համաշխարհային պատերազմին։
«Եթե Ռուսաստանը կանգնի ընտրության առաջ՝ կորցնել Ղրիմը կամ օգտագործել միջուկային զենք, նա կընտրի երկրորդը։ Եթե այս սցենարով Ռուսաստանը չի ստանա Ղրիմը, ապա դուք կարող եք մխիթարվել այդ մտքից, բայց նայելով, թե ինչպես են բարձրանում սնկային ամպերը»,- ասել էր գործարարը:
Նա նաև համեմատել է Ռուսաստանի համար թերակղզու կորուստը ԱՄՆ-ի կողմից Հավայան կղզիների և Փերլ Հարբորի կորստի հետ։
«Սա ինչ-որ մեկին դուր կգա թե ոչ, Ղրիմը Ռուսաստանի կողմից ընկալվում է որպես անբաժանելի մաս։ Ղրիմը կարևոր նշանակություն ունի Ռուսաստանի ազգային անվտանգության համար, քանի որ դա նրա հարավային ռազմածովային բազան է»,- ասել է Մասկը։