«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ չի բացառվում, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան մասնակցությամբ տեղի ունեցած վթարի հետեւանքով մահացած հղի կնոջ` Սոնա Մնացականյանի դեպքով նոր քրեական վարույթ նախաձեռնվի, որը կապված լինի անհետացած ձայնագրությունների հետ:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ անհետացած ձայնագրությունների մասով Գլխավոր դատախազություն բողոք է ներկայացվել, իսկ թե ներկայացված բողոքը կբավարարի, եւ նոր քրեական վարույթ կնախաձեռնվի, թե կմերժվի, կիմանանք՝ հետեւելով զարգացումներին: Ավելի վաղ հայտնել էիք, որ ՊՊԾ եւ ՃՈ ուղեկցող բոլոր մեքենաների մեջ ռադիոկապ է եղել, սակայն խոսակցությունը չի ձայնագրվել եւ չի արձանագրվել:


Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Րաֆֆի Ասլանյանը նշել էր. «Վարույթի նյութերով հիմնավորվել է, որ շարասյան ավտոմեքենաների մեջ գործել է ռադիոկապ, սակայն ռադիոկապի ձայնագրություն տեղի չի ունեցել տեխնիկական խոտանի պատճառով, մինչդեռ կառավարության որոշումը սահմանում է, որ ռադիոկապը, ձայնագրվելուց բացի, նաեւ պետք է արձանագրվեր ՃՈ հերթապահ մասում։ Տուժող կողմի մոտ հիմնավոր կասկած կա, որ ռադիոկապի ձայնագրությունները չտրամադրելու հանգամանքը քրեական վարույթի օբյեկտիվ ընթացքը կանխելու նպատակ է հետապնդել»:

Ձայնագրության միջոցով պարզ կլիներ՝ ինչ է հանձնարարել Նիկոլ Փաշինյանը, արդյոք մեքենան կանգնեցնելու կամ չկանգնեցնելու հրաման տվել է, եւ, առհասարակ, ինչ են խոսել: Հավելենք, որ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի՝ մահվան ելքով վրաերթի ենթարկվելու վերաբերյալ գործը դատարանում է, մակագրվել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում