«Հրապարակ» թերթը գրում է. «Մի քանի օր է՝ ռուսական ու ադրբեջանական լրատվական հարթակներում գրվում է այն մասին, որ Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին։ Բողոքը կապված է ռուսական «Առաջին ալիքով» հեռարձակվող «Մեծ խաղ» հաղորդման ժամանակ ռուս քաղաքագետների ու փորձագետների կողմից հակաադրբեջանական ելույթների հետ։

Մասնավորապես, ադրբեջանցիներին դուր չի եկել, որ հաղորդման ժամանակ ռուս փորձագետների կողմից Արցախը ներկայացվել է որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, ինչը նշված է եղել նաեւ ներկայացված քարտեզում, որտեղ Արցախն առանձին միավոր է։ Ադրբեջանցիները կարծում են, որ ռուսներն աղավաղել են քարտեզը, ուստի որոշել են բողոքի նոտա հղել ՌԴ արտգործնախարարությանը։


Այս ամենը լայն արձագանք է ստացել նաեւ ռուս որոշ քաղաքագիտական շրջանակների կողմից, հատկապես նրանց, ովքեր Ռուսաստանում զբաղված են պրոադրբեջանական եւ հակահայկական լոբբինգով։ Նրանք, մեկը մյուսին հերթ չտալով, տելեգրամյան իրենց ալիքներով սկսել են քննադատել ռուսական «Առաջին ալիքի» վարած քաղաքականությունը, որը թույլ է տալիս իր եթերում հակաադրբեջանական հայտարարություններ անել, Արցախը համարել Հայաստանի մաս՝ պնդելով, որ դա հակասում է ՌԴ եւ անձամբ նախագահ Պուտինի պաշտոնական դիրքորոշմանը։

Ուշագրավն այստեղ, սակայն, այն է, որ պրոադրբեջանական լոբբիստների գրառումներում հատուկ շեշտադրում է արվում վերջերս Արցախի պետնախարար նշանակված «ռուսաստանյան» գործարար Ռուբեն Վարդանյանի անվան վրա։ Ռուս «պոլիտոլոգները» կարծում են, որ այս ամենը Ռուբեն Վարդանյանի ազդեցության «պատճառով» է տեղի ունենում, քանի որ նա կարողանում է իր լծակներով պրոհայկական քարոզչություն ապահովել ռուսական հեռուստաեթերում։

Օրինակ՝ ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկովն իր տելեգրամյան ալիքում գրել է, թե ռուսական հեռուստաալիքների մենեջերները Հայաստանի ու Ադրբեջանի թեմաներով ավելի շատ լսում են Ռուբեն Վարդանյանին ու նրա փողերին, քան Պուտինին։ Ադրբեջանամետ ռուս քաղաքագետները կարծում են, որ ռուսական լրատվամիջոցները Ռուբեն Վարդանյանի ստեղծած «ցանցի» ազդեցության տակ են, եւ այն ավելի շատ պաշտպանում է ոչ թե Ռուսաստանի, այլ Հայաստանի շահերը՝ հիշեցնելով, որ նա թեեւ հրաժարվել է ռուսական անձնագրից, բայց նրա հիմնած «ցանցը» ռուսական հեռուստաալիքներում պահպանվում է։

Մենք դիմեցինք Ռուսաստանի ԱԳՆ՝ խնդրելով իրենց դիրքորոշումը հայտնել ադրբեջանական բողոքի նոտայի կապակցությամբ։ Այնտեղից մեզ ասացին՝ գրավոր հարցում ուղարկեք։ Սպասում ենք պատասխանին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում