ԱՄՆ Ռազմածովային ուժերը եւ բանակը Վիրջինիայի ծովային մեկնարկային հարթակից հրթիռ են արձակել, որպեսզի մոտ տասներկու փորձարկում իրականացնեն հիպերձայնային զենքով՝ նոր սպառազինությունների ստեղծման նպատակով, ասել են Պենտագոնում՝ փորձարկումն անվանելով հաջող, փոխանցել է «Голос Америки»-ն։

ՌԾՈւ-ի հայտարարության համաձայն՝ Sandia Ազգային լաբորատորիայի մասնագետները փորձարկումն իրականացրել են ՆԱՍԱ-ի «Ուոլոփս» թռիչքային բազայում (Վիրջինիա), դրա ընթացքում գնահատվել է հիպերձայնային զենքի կապի եւ նավիգացիայի սարքավորումը, ինչպես նաեւ նյութերի «տաքացման» աստիճանը «իրական հիպերձայնային միջավայրում»։


Հիպերձայնային պլանավորող սարքերը հրթիռից արձակվում են մթնոլորտի վերին շերտեր, իսկ հետո ուղղվում դեպի թիրախն այնպիսի արագությամբ, որն ավելի քան հինգ անգամ գերազանցում է ձայնի արագությունը՝ մոտ 6 200 կմ/ժ։

Միացյալ Նահանգները եւ նրա հետ մրցակցող երկրները վերջին ժամանակներս արագացրել են հիպերձայնային զենքի ստեղծման տեմպերը. հաջորդ սերնդի այս սպառազինությունը հակառակորդին զրկում է արձագանքելու եւ խոցման ավանդական մեխանիզմներն օգտագործելու ժամանակից։

Պենտագոնը մշակումն արագացնելու նպատակով փորձարկումներն անցկացրել է նախատիպերի միջոցով՝ գործի դնելով օդերեւութաբանական հրթիռը, որպեսզի լրացնի ամբողջ համակարգի կրիտիկական բացը ցամաքային եւ թռիչքային փորձարկումների միջեւ։

Փորձարկումները նախատեսված են եղել ՌԾՈւ-ի եւ բանակային մեծ հեռահարության հիպերձայնային զենքի գլոբալ հարվածի ոչ միջուկային միջոցները ստուգելու համար։ Ամերիկյան հիպերձայնային զենքի ստեղծման վրա աշխատում են այնպիսի ընկերություններ, ինչպիսին են Lockheed Martin-ը եւ Raytheon Technologies-ը։