Ամերիկյան ավիակիրը պատրաստ է գլխավորել միջազգային գրոհը, եթե Ռուսաստանն ուժեղացնի հարձակումներն Ուկրաինայի եւ նրա դաշնակիցների դեմ, գրել է Newsweek-ը։

«George H.W. Bush (CVN 77) ավիակիրը Ադրիատիկ ծովում է՝ ՆԱՏՕ-ի «Neptune Strike 2022» զորավարժությունների շրջանակում։


Զորավարժություններին մասնակցում են Ալբանիան, Կանադան, Խորվաթիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Գերմանիան, Հունաստանը, Հունգարիան, Իտալիան, Լիտվան, Հյուսիսային Մակեդոնիան, Լեհաստանը, Ռումինիան, Սլովակիան, Սլովենիան, Շվեդիան, Թուրքիան, Մեծ Բրիտանիան եւ ԱՄՆ-ը։

«Neptune Strike 2022»-ը Հյուսիսատլանտյան դաշինքի հզորության եւ հնարավորությունների ցուցադրումն է գործունեության բոլոր ոլորտներում»,- ասել է ԱՄՆ Վեցերորդ նավատորմի եւ ՆԱՏՕ-ի աջակցման ուժերի հրամանատար, փոխծովակալ Թոմաս Իշին։ «Neptune Strike 2022»-ը ՆԱՏՕ-ի՝ ավիակիրների հարվածային խմբի ծովային մարտական բարձրտեխնոլոգիական հնարավորությունները ինտեգրելու ունակության ցուցադրումն է»։

Զորավարժություններին մասնակցում են ավելի քան 80 ինքնաթիռ, 14 նավ եւ մոտ 6 000 զինծառայող ՆԱՏՕ-ի գործընկեր եւ դաշնակից 24 երկրներից, ներառյալ Ֆինլանդիան եւ Շվեդիան։

F-18երի զորավարժությունների շրջանակում վերջին օրերին ԱՄՆ ՌԾՈւ-ն դեպի Լիտվա թռիչքներ է իրականացրել ավիակրից՝ աշխատելով Ֆրանսիայի, Լատվիայի եւ Հունգարիայի հետ միասին։ Տեղեկացվել է, որ մինչ այդ նույն կործանիչը միացել է կանադական կործանիչներին՝ Ռումինիայի երկինքը պարեկելու համար։

Եվրոպայում եւ Աֆրիկայում ԱՄՆ ՌԾՈւ-ի պաշտոնական ներկայացուցիչ, կապիտան Թամարա Լոուրենսը հաստատել է Newsweek-ի հրապարակումը՝ նշելով, որ ավիակիրը մասնակցում է «Neptune Strike» ծրագրին։

«Մենք ցանկանում ենք, որ պատերազմն (Ուկրաինայում) ավարտվի, որ տարածաշրջան վերադառնա կայունությունը եւ լինի խաղաղ եւ կայուն Եվրոպա»,- ասել է ծովակալ Դենիս Վելեզը։

Նրա խոսքով՝ ինքը տեսել է երկու ռուսական ռազմանավ, որոնք հետեւել են ՆԱՏՕ-ի զորավարժություններին։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը երեքշաբթի այցելել է ավիակիր՝ այն անվանելով «դաշինքին ԱՄՆ-ի հավատարմության ցուցադրում»։

«Այս զորավարժությունները տրանսատլանտյան կապի, ՆԱՏՕ-ի շրջանակում Եվրոպայի եւ Հյուսիսային Ամերիկայի համատեղ աշխատանքի հիանալի օրինակ են»,- ասել է Սթոլտենբերգը։ «ՆԱՏՕ-ն պաշտպանական դաշինք է։ Մեր զսպման կարողությունը կանխում է հակամարտությունները եւ պահպանում խաղաղությունը։ Մեր ուժն օգնում է կանխել ցանկացած վրիպում՝ հստակ ազդանշան ուղարկելով. ՆԱՏՕ-ն կպաշտպանի դաշնակցային տարածքի ցանկացած դյույմ»,- ասել է նա։

Նա նաեւ զգուշացրել է Ռուսաստանին, որ նա «չօգտագործի կեղծ պատրվակներ հետագա էսկալացիայի համար»։

Ամերիկյան գիտնականների ֆեդերացիայի միջուկային տեղեկատվության նախագծի տնօրեն Հանս Քրիստենսենը նախազգուշացրել է, որ Ռուսաստանը կարող է միջուկային զենք փորձարկել ՆԱՏՕ-ի «Steadfast Noon» միջուկային զորավարժությունների հետ միաժամանակ։