Մենք խոստացել էինք, որ պայմաններ կստեղծենք հայկական ավիացիայի վերածննդի համար: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 2-ին, ԱԺ հանձնաժողովներում 2023 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այս մասին ցանկացա խոսել, քանի որ վերջին օրերին անընդհատ այց եմ ունեցել օտարերկրյա երկրներ: Հիշում եմ՝ 2018-2019 թվականներին, երբ վայրէջք էի կատարում «Զվարթնոց» օդանավակայանում, հանդիպում էի բացարձակ դատարկության, գեթ մի օդանավ չկար: Շատ հաճախ մեր օդանավակայանում գեթ մեկ օդանավ չկար, եղածներն էլ օտարերկրյա օդանավեր էին: Ես հաճույքով եմ արձանագրում, որ և՛ մեկնելիս, և՛ վերադառնալիս արձանագրում ենք հայկական օդանավերի առկայությունը մեր օդանավակայանում ու շարքն աճում է: Այն պահին, երբ հայտարարել ենք մասնավոր ներդրողի հետ համատեղ ներդրմամբ ավիաընկերություն ստեղծելու մեր մտադրությունը, դա նաեւ մասնավոր դաշտում է հետաքրքրություն առացացրել: Այսօր կարող ենք արձանագրել, որ այսօր որոշակի աշխուժություն ենք տեսնում ավիացիոն փոխադրումների ոլորտում, եւ չվերթների մոտավորապես 30 տոկոսը իրականացվում են հայաստանյան ծագում ունեցող ավիաընկերությունները», - ասաց նա:
Նա խոստովանեց նաեւ խնդիրների մասին. «Իհարկե, հայտնի պրոբլեմներ ունենք՝ սև ցուցակ, և այլն, բայց ես համոզված եմ, որ մենք ինստիտուցիոնալ կերպով այդ պրոբլեմները կհաղթահարենք», - վստահեցրեց Փաշինյանը: