Իսրայելի նախկին վարչապետ Բենիամին Նեթանյահուն, կարծես, պատրաստվում է իշխանություն վերադառնալ։
«Մենք Իսրայելի ժողովրդի վստահության մեծ քվե ենք ստացել»,- ասել է ժպտացող Նեթանյահուն իր «Լիկուդ» կուսակցության նախընտրական շտաբում։ «Մենք շատ մեծ հաղթանակի շեմին ենք»։
Երբ ընտրարշավի ժամանակ Նեթանյահուն խռպոտած ձայնով խոստացել է ձեւավորել «կայուն ազգային կառավարություն», ամբոխը նրա խոսքն ընդհատել է «Բիբի, Իսրայելի թագավոր» կոչերով, տեղեկացրել է Reuters-ը։
Էքզիտպոլերի համաձայն՝ Նեթանյահուն հնարավորություն ունի վերադառնալու, նրա չորս կուսակցությունների դաշինքը ենթադրաբար կստանա Կնեսետի 120 տեղերից 62-ը։
Նեթանյահուն ասել է, որ կսպասի ձայների հաշվարկին, վերջնական արդյունքներն սպասվում են առաջիկա օրերին։
Իսրայելի «ամենաերկարատեւ» վարչապետի կառավարումն (12 տարի) ավարտվեց 2021թ. հունիսին, երբ կենտրոնամետ Յայիր Լապիդին հաջողվեց ձեւավորել լիբերալների, աջերի եւ արաբական կուսակցությունների կոալիցիոն կառավարություն։ Բայց փուխր միությունը փլուզվեց նրա կառավարումից մեկ տարի հետո։
Երբ ստացվեցին փաստացի արդյունքները, Լապիդը հայտարարեց, որ կսպասի ձայների վերջնահաշվարկին։ Երեքշաբթի օրվա տվյալներով՝ նրա ճամբարը կստանա 53-54 տեղ Կնեսետում։
«Մարդիկ այլ ճանապարհ են ուզում,- ասել է Նեթանյահուն,- նրանք ուժ են ուզում, ոչ թե թուլություն... նրանք դիվանագիտական իմաստնություն եւ ամրություն են ուզում»։
Չորս տարվա ընթացքում հինգերորդ ընտրություններում գերիշխողը Նեթանյահուի անձն է, որի իրավաբանական «մարտերը» փակուղային իրավիճակ են ստեղծում, որն արգելակում է Իսրայելի քաղաքական համակարգը 2019-ից եւ խորացնում պառակտումը նրա կողմնակիցների եւ հակառակորդների միջեւ։
Նեթանյահուն Բեն-Գվիրի ուլտրանացիոնալիստների եւ ուլտրաաջ մեկ այլ առաջնորդի՝ Բեցալել Սմոտրիչի աջակցության հույսն ուներ։ Բայց կառավարությունում Բեն-Գվիրի («Կախ»-ի նախկին անդամ. սա խումբ է, որը ներառված է Իսրայելում եւ ԱՄՆ-ում ահաբեկիչների հսկման ցուցակում, իսկ Բեն-Գվիրը մի ժամանակ դատապարտվել է ռասիստական հրահրումների համար) ներկայությունը կարող է տագնապեցնել դաշնակիցներին, ներառյալ Վաշինգտոնը։
Նեթանյահուն, որը 2020թ. պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ էր հաստատել Արաբական Միացյալ Էմիրությունների եւ Բահրեյնի հետ, հայտարարել է, որ կառավարությունն իր ղեկավարությամբ կգործի պատասխանատու կերպով, կխուսափի «անպետք արկածախնդրություններից» եւ «կընդլայնի շփումների շրջանակը»։