Կոնգրեսում Հունաստանի օժանդակության խմբի համանախագահներ Մայքլ Բիլիրաքիսը և Քերոլին Մալոնին իրենց օժանդակություն են հայտնել Հայոց Ցեղասպանության ճշմարտության և արդարության մասին բանաձևին: Այս մասին հայտնում է Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն:

«Մենք միանում ենք ամբողջ երկրի ամերիկահայերին և Ամերիկայի հունական կոալիցիայի գործընկերների հետ մեր երախտագիտությունը հայտնելով կոնգրեսմեններ Բիլիրաքիսին և Մալոնիին Թուրքիայում հայերի, հույների, ասորացիների ր այլ քրիստոնյաների նկատմամբ տեղի ունեցած ցեղասպանության հարցի արդարացի և ճշմարիտ միջազգային լուծման աջակցության հարցում իրենց առաջնորդության համար»,- նշել է Ամերիկայի հայկական ազգային կոմիետի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

«Հույները, հայերը և ԱՄՆ բոլոր քաղաքացիները, որոնք ձգտում են ամերիկյան իդեալների տարածմանը, անհամբերությամբ սպասում են այն օրվան, երբ Սպիտակ Տունը վերջապես կդադարեցնի Անկարայի կողմից տարվող Հայոց Ցեղասպանության մերժման քաղաքականությունը և կստիպի թուրք հասարակությանը և պետությանը իր վրա վերցնել կատարած հանցագործության բարոյական և նյութական պատասխանատվությունը»,- ավելացրել է նա:

Նշենք, որ Հայոց Ցեղասպանության ճշմարտության և արդարության մասին բանաձևը ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատին ներկայացվել է մայիսին ամերիկացի կոնգրեսմեններ Դևիդ Վալադաոյի, Ադամ Շիֆի, Մայքլ Գրիմի և Ֆրենկ Փալոնեի կողմից: