«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ վարչության ընտրությունների արդյունքների վերահաշվարկն ուշագրավ իրողություններ է բացահայտել։ Որ գլխավոր «հերոսը» եղել է Արփի Դավոյանը, կուսակցությունում որեւէ մեկն այլեւս կասկած չունի, սակայն ասում են, որ նա ունեցել է աջակիցներ։
Վերահաշվարկի արդյունքում 30 ձայնով պակասել են Վայոց Ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի ձայները, 40-ով՝ Վիլեն Գաբրիելյանի, 10-ով՝ Արփի Դավոյանի, մոտ 50 ձայնով՝ փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանի։ Պարզվել է, որ Հայկ Կոնջորյանի օգտին հավելագրում են արել։ Փոխարենը՝ վերահաշվարկի արդյունքում մի քանի ձայնով ավելացել են Վաղարշակ Հակոբյանի, Գեւորգ Պապոյանի եւ մի քանիսի քվեները։ Մեզ ասացին, որ նախապես առաջարկվել է հաշվարկն իրականացնել թեկնածուների վստահված անձանց ներկայությամբ, սակայն կազմակերպչական թիմը՝ Սուրեն Պապիկյան-Արփի Դավոյան զույգի գլխավորությամբ, չի համաձայնել։
Մեր աղբյուրներն ասում են, որ ՔՊ-ում ոմանք հակված են նոր ընտրություններ պահանջելու, որովհետեւ կանոնակարգը թույլ չի տալիս ինքնաբացարկ հայտնած անդամների փոխարեն նորերին մեխանիկորեն մտցնել։ Երեկ ԱԺ ՔՊ խմբակցությունը պետք է հանդիպեր Փաշինյանի հետ, սակայն վերահաշվարկի արդյունքում բացահայտված կեղծիքից Փաշինյանն այնքան է զայրացել, որ չեղարկել է հանդիպումը եւ իր մոտ է կանչել վարչության անդամներին։ Ամենածանրն Արփի Դավոյանի եւ էլի մի քանիսի վիճակն է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում