Թեհրանում վերջին անկարգությունների ընթացքում հայտնաբերվել եւ բռնագրավվել է 1 500 միավոր զենք։ Այս մասին ասել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Թեհրանի հրամանատար Հասան Հասանզադեն, տեղեկացրել է Fars գործակալությունը։

«Թեհրանում անկարգությունների ժամանակ հայտնաբերվել եւ բռնագրավվել է ավելի քան 1 500 միավոր սառը եւ հրազենային զենք եւ հանրային վայրերի եւ գույքի վնասման առարկաներ։ Այս ծավալը վկայում է այն մասին, որ մի շարք անձինք, նախնական պլան ունենալով, մտադիր էին Թեհրանում անկարգություններ հրահրել։ Այդ անձանցից շատերը ձերբակալված են, մյուսներին ձերբակալելու գործողությունը շարունակվում է»,- ասել է Հասանզադեն։


Հրամանատարի խոսքով, ինչպես նշել է գործակալությունը, ձերբակալվածների մեջ կան երկակի քաղաքացիություն ունեցող անձինք, ինչպես նաեւ օտարերկրյա հետախուզության, «Իրանի ժողովրդի մոջահեդների կազմակերպության», մոնարխիստների եւ այլ խմբերի հետ կապ ունեցող մարդիկ, որոնք դեմ են իսլամական հանրապետությանը։

Արդեն մեկուկես ամիս երկրում շարունակվում են անկարգությունները, որոնք սկսվել են սեպտեմբերի սկզբին՝ Մահսա Ամինիի մահվան հետ կապված, այն բանից հետո, երբ նրան կալանավորել էր բարքերի ոստիկանությունը։ Բողոքի ցույցերը եւ խռովությունները տեղի են ունենում հիմնականում Գիլյան, Խուզեստան, Սիստան եւ Բելուջիստան, Թեհրան եւ Քրդստան շրջաններում։