Նախագահ Ջո Բայդենը դաշնակիցների հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ արեւմտյան տերությունները կաջակցեն Լեհաստանին, որպեսզի հետաքննեն, թե «ինչ է տեղի ունեցել» լեհական տարածքին հասցված հրթիռային հարվածի հետեւանքով, նա ավելացրել է, որ նախնական տեղեկատվությունը ցույց է տալիս, որ հրթիռը, հավանաբար, արձակվել է «ոչ Ռուսաստանից», տեղեկացրել է «Голос Америки»-ն։

«Այնքան էլ հավանական չէ, որ այն արձակվել է Ռուսաստանից,- ասել է Բայդենը՝ Բալիում (որտեղ նա մասնակցում է G20-ի գագաթաժողովին) դիմելով լրագրողներին, նշելով հրթիռի թռիչքի հետագիծը։- Ես ամեն ինչ կանեմ, որպեսզի հաստատ պարզենք, թե ինչ է տեղի ունեցել»։


Համաշխարհային առաջնորդները, որոնք Ինդոնեզիայի Բալի կղզում մասնակցում են G20-ի գագաթաժողովին, չորեքշաբթի շտապ խորհրդակցություն են անցկացրել այն բանից հետո, երբ Լեհաստանի երկու քաղաքացի զոհվել է պայթյունների հետեւանքով, որոնք, ուկրաինական եւ լեհական իշխանությունների խոսքով, ռուսական արտադրության հրթիռների հարվածի հետեւանք են։

Հանդիպումը հրավիրել էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, տեղեկացրել են Սպիտակ տանը այն բանից հետո, երբ երկու մարդ զոհվել էր Պշեվոդուվում (գյուղ Լեհաստանի արեւելքում, Ուկրաինայի սահմանից ոչ հեռու) պայթյունի հետեւանքով։

Հանդիպմանը մասնակցել են ԱՄՆ-ի, Գերմանիայի, Կանադայի, Նիդեռլանդների, Ճապոնիայի, Իսպանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի ղեկավաները։

Բոլորը, Ճապոնիայից բացի, ՆԱՏՕ-ի անդամներ են, որի մեջ է մտնում նաեւ Լեհաստանը։