Թուրքիան կարող է պատրաստվել ցամաքային գործողության Սիրիայի հյուսիսում, գրել է Yeni Şafak-ը՝ հղում կատարելով աղբյուրներին։
«Ճիրան-սուր» գործողության ժամանակ վերացվել է ահաբեկիչների 89 օբյեկտ։ Քրդական աշխատավորական կուսակցության (արգելված է Թուրքիայում) ահաբեկիչները, ներառյալ մի քանի բարձրաստիճան ղեկավարներ, ոչնչացվել են։ Գործողությունը դիտարկվում է որպես Սիրիա հնարավոր ցամաքային գործողության առաջին քայլ»,- գրել է պարբերականը։
Տեղեկացվել է, որ ինքնաթիռները, որոնք թռել են ամբողջ երկրի վեց տարբեր ռազմակայաններից, միաժամանակյա գործողություններ են իրականացրել թիրախների դեմ Սիրիայում եւ հյուսիսային Իրաքում։
«Գործողության ժամանակ, որն իրականացնում էին մարտական եւ օժանդակող ինքնաթիռները, ինչպես նաեւ անօդաչու թռչող սարքերը, ոչնչացվել են թիրախներ՝ ապաստարաններ, բունկերներ, քարայրներ, թունելներ եւ ահաբեկիչներին պատկանող պահեստներ»,- նշել է պարբերականը։
Նախօրեին Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր Սիրիայի եւ Իրաքի հյուսիսում քրդական կազմավորումների դեմ «Ճիրան-սուր» օդային գործողությունն սկսելու մասին։ Գերատեսչության տվյալներով՝ ահաբեկիչներն օգտագործում են այդ երկրների հյուսիսային տարածքները որպես Թուրքիայի վրա հարձակվելու կայաններ։
Գործողության իրականացման պատրվակ է դարձել Ստամբուլում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած ահաբեկչությունը։ Իսթիկլալ հետիոտների փողոցում տեղի ունեցած պայթյունի ժամանակ զոհվել էր վեց, տուժել ավելի քան 80 մարդ։