Փարիզի Թարգմանչաց համազգային վարժարանում բացվել է «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոց, որտեղ սովորում է մոտ 140 աշակերտ:
Ինչպես տեղեկացնում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UATE) մամլո ծառայությունը, թարգմանչաց համազգային վարժարանի «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցի աշխատանքները սկսվել են դեռևս սեպտեմբերից։ Խմբակի աշխատանքները վարժարանում գլխավորում է հայազգի Սևան Օզկուլը, ով ամռանը վերապատրաստումներ է անցել Հայաստանում։
Ճարտարագիտական աշխատանոցի պաշտոնական բացման արարողությունը տեղի ունեցավ նոյեմբերի 24-ին: Բացմանը ներկա էին Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատան ներկայացուցիչ Շիրազ Հովակիմյանը, Համազգային Թարգմանչաց վարժարանի մատակարար մարմնի ղեկավար Թադէ Կարապետեանը, ծնողներ, աշակերտներ, այլ հյուրեր։
Բացման արարողության ժամանակ դպրոցի գործունեության, «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցների նպատակի և Փարիզի աշխատանոցի բացման մասին է խոսել Թադէ Կարապետեանը, Հայկ Չոբանյանը պատմել է «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցների գործունեության մասին, իսկ խմբավար Սևան Օզկուլը ներկայացրել է «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցների դասավանդման կարգը եւ բովանդակային մանրամասներ։
Հիշեցնենք, որ «Արմաթ» ազգային ծրագրի արտահանումը սկսվել է դեռևս 2017 թվականից։ Այժմ խմբակներ են գործում Հնդկաստանում, Ֆրանսիայում, Բանգլադեշում եւ Քուվեյթում։