Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախումբը ուսումնական և մարտական առաջադրանքներ կատարելիս օգտագործում է ՌԴ ԶՈՒ ԳՇ տեղագրական քարտեզներով սահմանված տեղանունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՌԴ պաշտպանության նախարարությունն անդրադարձել է Բաքվի քննադատությանը:
«Մաղավուզ բնակավայրի անվանման վերաբերյալ Բաքվի քննադատությունը զարմանալի է, քանի որ նախկինում և բազմիցս ՌԴ ՊՆ տեղեկագրերում օգտագործվել են այլ՝ ոչ ադրբեջանական տեղանուններ՝ Լեռնային Ղարաբաղի տարածքով Ադրբեջանի քաղաքացիների ավտոշարասյունների ուղեկցումն ապահովելու համատեքստում։ Սակայն, դա տեղեկատվական տարածքում պահանջների չհանգեցրեց։ Ավելին, շարասյուների շարժման երթուղին համակարգելիս և ռուս խաղաղապահների հետ փոխգործակցություն կազմակերպելիս ադրբեջանական կողմն օգտագործում է նաև այդ տեղանունները», - ասվում է հաղորդագրությունում։
Նշվում է, որ ՌԴ ՊՆ տեղեկագրերում հրապարակվող հրադադարի ռեժիմի խախտումների մասին տեղեկատվությունն արձանագրվում է խաղաղապահների դիտակետերում՝ օգտագործելով օբյեկտիվ հսկողության տեխնիկա, որը թույլ է տալիս դիտորդություն իրականացնել օրվա ցանկացած ժամի։
«Վատ չէր լինի, որ Ադրբեջանի ՊՆ-ն նման աննշան առիթներով կասկածի տակ չդներ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեությունը և նրա հետ սերտ համագործակցությամբ, այդ թվում՝ տեղում շարունակի տարածաշրջանում խաղաղությունը պահպանելու աշխատանքը», - նշվում է հայտարարությունում։
Ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հանդես էր եկել հայտարարությամբ` կոչ անելով Մոսկվային Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական տեղանուններ օգտագործել։
Խաղաղապահ զորախմբի նոյեմբերի 24-ի տարածած հաղորդագրությունում նշվում էր այն մասին, որ իր վերահսկողության ներքո գտնվող տարածքում հրադադարի պահպանման ռեժիմի խախտում է արձանագրվել ադրբեջանական կողմից. միջադեպը գրանցվել էր Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղի հարևանությամբ: