Արդեն հաշված օրեր անց ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում տեղի կունենա միջոցառում, որը մեկ հարկի տակ կհավաքի ավելի քան 80 հայ արտադրողների, որոնք կվաճառեն իրենց կողմից արտադրված ապրանքները։ «Ամանորի սպասումով» տոնավաճառը նախատոնական է և ակնկալվում է, որ այն մեծ օգուտ կբերի հայ արտադրողներին, և միաժամանակ ՀՀ տնտեսությանը։


Տոնավաճառն իրականացվում է «Buy Armenian»-ի և «Standing Our Families» հիմնադրամի կողմից։ Ինչպես մեզ հայտնել են կազմակերպիչները՝ այս տոնական միջոցառմանն անձամբ ներկա են գտնվելու նաև մասնակիցներ Հայաստանից, որոնք ժամանելու են Գլենդել հատուկ իրենց ամերիկաբնակ հայրենակիցների հետ շփվելու և նոր կապեր հաստատելու նպատակով։


Տոնավաճառին ներկա է լինելու «Կեռաս» չրերի արտադրության հիմնադիր Վիկտորիա Սուքիասյանը, որն ասել է․«Տոնավաճառին մասնակցելը, հաճախորդի հետ տեղում՝ երես առ երես շփումը, ինձ համար շատ կարևոր կլինի, միգուցե կհասկանամ մարդկանց նոր կարիքները, ինչը մեզ հնարավորություն կտա նոր և հետաքրքիր ուղղությամբ զարգացնելու մեր բիզնեսը»։


Խոսելով «Buy Armenian»-ի դերակատարության և աշխատանքի արդյունավետության մասին Վիկտորիա Սուքիասյանը նշել է․ «Իրենք ահռելի աշխատանք են կատարում, պարզապես չգիտեմ՝ երբ և ինչպես հնարավորություն կլինի այտահայտելու այդ գոհունակությունը բառերով, սակայն ինչ էլ ասենք՝ քիչ կլինի։ Նրանք չեն հոգնում, չեն հուսահատվում, շարունակում են քրտնաջան մեղուների պես այդ ամենն առաջ տանել»։


«Անթառամ» թեյերի արտադրությամբ զբաղվող ընկերության տնօրեն Արեգ Գալստյանը ևս ներկա է գտնվելու տոնավաճառին։ ««Buy Armenian»-ի հետ համագործակցությունը և՛ գործընկերական է, և՛ փոխադարձ անվերապահ վստահության վրա է հիմնված, և հենց այդ պատճառով էլ հաջողվում է։ Մենք «Buy Armenian»-ի հետ կիսում ենք այն գաղափարը, որ պետք է ստանանք այնպիսի արտադրանք, որն օտարը՝ ո՛չ Հայաստանի, ո՛չ հայերի մասին իմացող մարդը, գնի և հավանի, որոշակի վերաբերմունք ու պահանջմունք ձևավորվի հենց այդ արտադրանքի առևտրային նշանի նկատմամբ, հենց այդտեղ է, որ ձևավորվում է բրենդը»,- ասել է Արեգ Գալստյանը։


Ըստ «Buy Armenian»-ի համահիմնադիր Լիլիթ Օդաբաշյանի ԱՄՆ-ում հայկական արտադրանքից ամենաշատը գնում են ուտեստներ՝ չիր, մեղր, թեյ, բայց հարթակում վաճառվում է ամեն տեսակի հայկական արտադրանք․ գորգեր, զարդեր, հագուստներ, շարֆեր, ամենը հնարավոր է գտնել այս հարթակում։ «Ունենք 1100 արտադրող ու վաճառող, որոնց 95 տոկոսը Հայաստանից են, և հարթակում ներկայացված է 11 000 ապրանք»,- ասել է Լիլիթ Օդաբաշյանը։


«Ամբողջ աշխարհը սուրբ ծննդյան տոներին նվերներ է գնում․ մեր նպատակն այն է, որ դեկտեմբերի 10-ին և 11-ին հայը քաջալերի հային։ Եթե դու, ամեն դեպքում, պետք է նվեր գնես, ինչո՞ւ չգնես այն հայ արտադրողից»,- հարցնում է Լիլիթը և շարունակում,- «Մենք ուզում ենք հասնել ամեն հայի տուն և ասել՝ գնի՛ր հայկականը։ Ես, եթե որևէ տեղ մի բան եմ տեսնում, մտածում եմ արդյոք կա՞ այս նույնի հայկականը, և եթե այո, ապա գնում եմ հայկականը։ Կարծում եմ, որ եթե հայության գոնե 10 տոկոսն այսպես մտածեր, ավելի լավ կլիներ»։


Դեկտեմբերի 10-ի և 11-ի տոնավաճառին Գլենդելի Սիվիք Աուդիտորիումում վաճառվելու է նաև ասեղնագործ բարձերի արտադրությամբ զբաղվող «Միսմա» (Misma) ընկերության արտադրանքը։ Մենք զրուցել ենք նաև ընկերության հիմնադիր Ծովինար Միսկարյանի հետ, որը խոսել է համագործակցության մասին՝ ասելով․«Մարդիկ քո փոխարեն չարչարվում են, մտածում են՝ ինչպես համախմբել օտարերկրյա գնորդներին կամ մեր սփյուռքահայ բարեկամներին, այժմ էլ ծրագրում են արդեն վաճառքի հարթակը դարձնել ոչ թե համահայկական, այլ համաշխարհային, ինչին ես էլի հավատում ու վստահում եմ»։


Այսպիսով, ինչպես կազմակերպիչներն են նշում՝ շուտով հայկական ջերմ միջոցառում է տեղի ունենալու Լոս Անջելեսում, որը նաև նոր տնտեսական հորիզոններ է բացելու հայ արտադրողների համար։


Տոնավաճառին մասնակցելու համար անհրաժեշտ է ամրագրել տաղավարներ և այդ գործընթացն արդեն սկսել է։ Անհրաժեշտ է զանգահարել 866 207 1466 հեռախոսահամարին կամ գրել [email protected]  էլեկտրոնային հասցեին։