Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ մայրաքաղաքի Հրանտ Մաթևոսյանի անվան դպրոցի բակում հանդիսավորությամբ բացվել է հայ մեծանուն գրող-հրապարակախոսի արձանը: Քանդակի հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և Հրանտ Մաթևոսյանի որդուն՝ Դավիթ Մաթևոսյանին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ արձանի հեղինակը ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, քանդակագործ Արտաշես Հովսեփյանն է:
Օրվա խորհրդի շրջանակում կազմակերպված միջոցառմանը ներկա էին նաև մեծ գրողի ընտանիքի անդամներն ու նրա արվեստը գնահատող բազմաթիվ հյուրեր:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը դպրոցի փոքրիկ սաների ուղեկցությամբ ծանոթացել է նաև ինչպես բակում ցուցադրված, այնպես էլ դպրոցի շենքում առկա մաթևոսյանական շնչով լեցուն նկարներին և հայկական ավանդական ցուցանմուշներին: