Ղրիմը վերադարձնելու Ուկրաինայի հույսը երկար ժամանակ մտացածին երեւակայություն էր թվում, սակայն մարտադաշտում Կիեւի վերջին հաղթանակները եւ Մոսկվայի սխալները հանկարծ նրան խելամիտ եւ, հնարավոր է, վտանգավոր են դարձրել, գրում է Washington Post-ը:

«Արեւմուտքը, աջակցելով Ուկրաինային, վախենում է, որ Ղրիմ ուկրաինական ցանկացած ռազմական ներխուժում կարող է Պուտինին վճռական գործողությունների հրահրել՝ ընդհուպ միջուկային ռումբի օգտագործումը։ Արեւմտյան որոշ պաշտոնյաներ հույս ունեն, որ Ղրիմը Ռուսաստանին հանձնելու համաձայնագիրը կարող է հիմք հանդիսանալ պատերազմի դիվանագիտական ավարտի համար: Ուկրաինացիներն այդ գաղափարը մերժում են որպես վտանգավոր միամտություն, իսկ ռուսներն ասում են, որ չեն բավարարվի նրանով, ինչն արդեն իրենցն է:


Ղրիմի նկատմամբ անզիջում պահանջները ցույց են տալիս հակամարտության անլուծելիությունը, եւ դժվար է պատկերացնել, որ թերակղզու համար պայքարը կլուծվի առանց հետագա արյունահեղության:

Միեւնույն ժամանակ, Ուկրաինան մշակում է Ղրիմի վերաինտեգրման մանրամասն ծրագրեր, ներառյալ 2014 թվականից այնտեղ տեղափոխված Ռուսաստանի հազարավոր քաղաքացիների արտաքսումը:

Ռուսաստանը հավատարիմ է մնում իր մաքսիմալիստական տեսակետին՝ պահանջելով ուկրաինական չորս այլ շրջանների՝ Լուգանսկի, Դոնեցկի, Զապորոժիեի եւ Խերսոնի հանձնումը։

Նահանջելուց կողմերից մեկի հրաժարումը սպառնում է պատերազմը վերածել բազմամյա հակամարտության, որը նման կլինի Արեւմտյան ափի եւ Գազայի հատվածի, Լեռնային Ղարաբաղի կամ Քրդստանի տարածքային հակամարտությանը:

Քեմբրիջի համալսարանի ուկրաինագիտության պրոֆեսոր Ռորի Ֆինինը ասում է, որ փոխզիջման հավանականությունը քիչ է:

Ռուսաստանը նաեւ մտադիր է պահպանել Ղրիմի նկատմամբ վերահսկողությունը՝ արեւմտյան պաշտոնյաների մոտ մտավախություն առաջացնելով այն ծայրահեղ միջոցների մասին, որոնք Պուտինը կարող է ձեռնարկել այն պահելու համար:

Լոնդոնի Chatham House քաղաքականության ինստիտուտի ավագ գիտաշխատող Նիկոլայ Պետրովն ասել է, որ Ղրիմից Պուտինի հրաժարվելու մասին «խոսք անգամ լինել չի կարող», եւ Զելենսկու բարձրաձայն արտահայտած վերաինտեգրման քաղաքականությունը Պուտինի ներխուժման համար «միացման կոճակ է եղել»:

Բրիտանական բանակի նախկին շտաբի պետ լորդ Դեւիդ Ռիչարդսը վերջերս տված հարցազրույցում ասել է, որ Ուկրաինան Ղրիմը պաշտպանելու համար միջուկային պատերազմի վտանգի կենթարկվի: «Եթե Պուտինի քթին դեմ տաք, նա կարող է շատ հիմար բան անել,- ասել է Ռիչարդսը Times Radio-ին,- Նա կարող է մարտավարական միջուկային զենք կիրառել»։

Այնուամենայնիվ, որոշ արեւմտյան պաշտոնյաներ հուսով են, որ Ղրիմի շուրջ գործարքը կարող է պատերազմի ավարտի բանալի դառնալ, եւ հայտարարել են, որ իրենց կարծիքով, Զելենսկին ու նրա խորհրդականներն ավելի բաց են եղել պոտենցիալ զիջումների համար, քան նրանց հռետորաբանությունն էր ենթադրում:

Մարտին խաղաղության սկզբնական բանակցությունների ժամանակ Կիեւը հասկացրեց, որ պատրաստ է Ղրիմի կարգավիճակի վերաբերյալ առանձին բանակցությունների, ինչը մեծացնում է այն հավանականությունը, որ Զելենսկին կարող է բաց լինել Ղրիմի հարցում՝ ի տարբերություն Ռուսաստանի կողմից օկուպացված Ուկրաինայի այլ տարածքների, որոնք, ինչպես նա պնդում է, պետք է վերադարձվեն: