Եվրամիության ղեկավարներն ավարտել են 2022թ. վերջին գագաթաժողովն Ուկրաինային, որպես եկող տարվա ֆինանսավորում եւ լրացուցիչ պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ, 18 մլրդ եվրո հատկացնելու համաձայնությամբ, տեղեկացրել է Reuters-ը։
Լեհաստանը վերջին պահին հանել է գլոբալ նվազագույն հարկի դեմ առարկությունը, որով էլ արտոնվել է փաթեթի տրամադրումը, ներառյալ վարկն Ուկրաինային։
«Ուկրաինային սատարելու մեր ընդհանուր վճռականությունը քաղաքական, ֆինանսական, ռազմական եւ հումանիտար առումներով մնում է անսասան»,- ասել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բրյուսելում ԵՄ 27 երկրների ազգային ղեկավարների բանակցություններից հետո։
ԵՄ ղեկավարները նաեւ համաձայնեցրել են Մոսկվայի դեմ պատժամիջոցների իններորդ փաթեթը, որով նախատեսվում է սեւ ցուցակ մտցնել եւս 200 մարդու եւ արգելել ներդրումները ռուսական լեռնահանքային արդյունաբերությունում։
Որոշումը, որը պետք է միաձայն լինի, ընդունվել է այն բանից հետո, երբ Լեհաստանը եւ Լիտվան նախազգուշացրել են, որ առաջարկվող բացառությունները պարենային անվտանգության համար կարող են իրականում օգուտ բերել ռուս գործարարներին պարարտանյութերի բիզնեսում։
Երկարատեւ տարաձայնություններից հետո ԵՄ-ն միասնական է եղել նաեւ այն հարցում, թե ինչպես սահմանափակի գազի գները։ Անգամ Շոլցը, որն այս հարցում հիմնական ընդդիմադիրն էր, սպասում է վերջնական համաձայնության։
Ջեռուցման խնայողության պատճառով որոշ ղեկավարներ ակնհայտորեն մրսում էին եւ փաթաթվել էին մեծ ծածկոցներով այն հանդիպման ընթացքում, երբ քննարկում էին ԱՄՆ գնաճի իջեցման մասին օրենքը։
Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Կրոոն հայտարարել է, որ ԵՄ-ն կարող է ապաինդուստրիալացվել, քանի որ էներգակիրների գները կտրուկ բարձրացել են Ուկրաինայում պատերազմի համատեքստում, եւ հիմա եվրոպական ընկերությունները նաեւ բախվել են ԱՄՆ մրցակցության լուրջ խնդրին։
ԵՄ ավելի աղքատ երկրները ցանկանում են կոորդինացված պատասխան եւ ավելի հարուստ անդամ երկրներին, ինչպիսին է Գերմանիան, զգուշացնում են իրենց արդյունաբերությանն աջակցելու մասին՝ համերաշխություն չցուցաբերելով դաշինքի մնացած հատվածի հետ։
Գագաթաժողովը ԵՄ Եվրահանձնաժողովին հանձնարարել է եկող տարվա սկզբին կոնկրետ առաջարկներ անել ԵՄ առաջավոր ճյուղերի աջակցության վերաբերյալ, ներառյալ կենսատեխնոլոգիաները եւ արհեստական բանականությունը, ինչպես նաեւ պահել մրցակցությունը դաշինքի 450 միլիոն սպառող ունեցող միասնական շուկայում։
Գագաթաժողովը նաեւ Բոսնիա եւ Հերցեգովինային տվել է ԵՄ անդամի թեկնածուի պաշտոնական կարգավիճակ, եւ ղեկավարները պայմանավորվել են հանդիպել փետրվարին, ԵՄ-ում ներգաղթի ավելացման հարցը քննարկելու համար։