Մենք պետք է լինենք օբյեկտիվ. եթե չլիներ ռուս խաղաղապահ առաքելությունը՝ Արցախը վաղուց կործանված էր։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանը՝ արձագանքելով հարցին, թե ինչպես է գնահատում ռուս խաղաղապահների գործողությունները:
«Մյուս կողմից՝ տեսնում ենք, որ խաղաղապահ առաքելության ներուժը, որն ուղիղ ածանցյալ է մանդատից, պետք է ավելանա։ Այդ թեմայով մեր առաջարկները հնչեցրել ենք տարբեր ատյաններում: Նախ, պետք է ավելանա ռուս խաղաղապահների թվաքանակը, որովհետեւ 1980 հոգին ի վիճակի չէ լիարժեք իրականացնելու այդ գործառույթը: Նույն այդ Շուշիի հատվածում տեղակայված է ընդամենը մի քանի խաղաղապահ, երկրորդն, նրանք պետք է ստանան միջազգային մանդատ: Սա կնշանակի, որ իրենք խաղաղապահի մանդտից բացի կունենան նաեւ խաղաղությունը պարտադրելու լիազորություններ, ինչպես եղել է Կոսովոյում, Բոսնիայում»,-ասաց նա:
Անդրադառնալով լուրերին, թե ռուս խաղաղապահները մեքենաներով հումանիտար օգնություն են հասցրել Արցախի, Դավիթ Բաբայանն ասաց. «Որքան գիտեմ, ռուս խաղաղապահները հումանիտար օգնություն հասցրել են Շուշիի շրջանի բնակավայրերին՝ Մեծ Շեն, Հին Շեն, որը այս պահին կտրված է Ստեփանակերտից եւ Արցախի մնացած մասից»: