Ավարտին է մոտենում ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Փյունիկի» համար հոբելյանական տարին, որը լի էր ակումբի համար պատմական, կարևոր իրադարձություններով ու պահերով: «Փյունիկի» սեփականատեր Արթուր Սողոմոնյանը ծավալուն հարցազրույց է տվել ակումբի մամուլի ծառայությանը՝ ամփոփելով 2022 թվականը, նաև խոսելով հայկական ֆուտբոլում առկա խնդիրների ու դրանց հնարավոր լուծումների մասին:

Պարոն Սողոմոնյան, ո՞րն էր այս տարվա ամենակարևոր իրադարձությունը «Փյունիկի» համար և, ընդհանուր առմամբ, ինչպե՞ս կգնահատեք 2022 թվականը։


Անցնող տարում մենք նշեցինք ակումբի 30-ամյակը, որը դեռևս ամենահաջողն է մեր պատմության մեջ։ Մենք կարողացանք համառ պայքարում նվաճել Հայաստանի առաջնության ոսկե մեդալները՝ տոնելով ևս մեկ հոբելյան՝ Հայաստանի առաջնությունների 30-ամյա պատմության 15-րդ չեմպիոնությունը: Սա, անշուշտ, ամբողջ ակումբի արժանիքն է, որն այս տարի բոլոր բնագավառներում գերազանց արդյունքներ ցույց տվեց, և մեր ակումբը նոր` ավելի բարձր մակարդակի դուրս եկավ։ Մարզչական շտաբն ու հիմնական թիմը կամք ցույց տվեցին` առաջնության գարնանային հատվածում մնալով անպարտելի: Նույն տրամադրվածությամբ ու բնավորությամբ մեր տղաները հանդես եկան եվրագավաթային մրցաշարերում, ինչը թույլ տվեց պատմության մեջ առաջին անգամ դուրս գալ ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլ։ Ուրախ եմ, որ կարողացանք ուրախացնել մեր երկրպագուներին և նրանց աջակցությամբ հասանք պատմական հաղթանակների, որոնք հավերժ կմնան մեր պատմության մեջ։ Այս տարվա աշնանը մենք ներկայացրինք մեր ակումբի արժեքներն ու փիլիսոփայությունը, որը մտադիր ենք արմատավորել ակումբում առաջիկա տարիներին։

Այս տարին յուրահատուկ էր նաև երիտասարդական թիմի համար: «Փյունիկի» սաները հնարավորություն ստացան ուժերը փորձել ՈւԵՖԱ-ի պատանեկան լիգայում:

Այո, իրավացի եք։ Ինձ առանձնահատուկ ուրախացնում են մեր երիտասարդական թիմերը։ Բոլոր տարիքային խմբերում մենք տեսնում ենք առաջընթաց ու աճ։ Հայկական ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սաները մասնակցեցին պատանեկան Չեմպիոնների լիգային և բազմաթիվ միջազգային մրցաշարերի: Այս ամենը վստահություն է ներշնչում, որ Հայաստանում ֆուտբոլն իսկապես զարգացման մեծ ներուժ ունի։ Բայց դրա համար, նախևառաջ, պետք է որոշ լուրջ խնդիրներ լուծել, որոնց մենք բախվեցինք այս տարի։

Դուք, հավանաբար, նկատի ունեք «Փյունիկի» և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ համագործակցությունը, որի մասին վերջերս մի ռեպորտաժ էր պատրաստվել հեռուստաընկերություններից մեկի կողմից։

Այո, այսօր հենց ֆեդերացիայի աշխատանքի մասին եմ ուզում բաց ու փաստարկված խոսել։ Իհարկե, ոչ այն մասին, թե ինչ պնդումներ էին անում Ձեր հիշատակած նյութում, որովհետև այն միակողմանի լուսաբանված ռեպորտաժ էր, և իմ հասցեին ընդամենը զգացմունքային հայտարարություններ էին այնտեղ արված։

Ուզում եմ անկեղծ և մանրամասն խոսել․ մեր ֆուտբոլում ներկայաումս կառավարման կրիտիկական վիճակ է։ Ի՞նչ է իրենից ներկայացնում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և ի՞նչ նպատակներ ու խնդիրներ ունի: ՀՖՖ-ն հասարակական կազմակերպություն է, որը հիմնադրել են Հայաստանում ֆուտբոլի զարգացմամբ զբաղվող անհատներն ու կազմակերպությունները: Մենք`ովքեր սեփական միջոցները ներդնում ենք մեր երկրում այս մարզաձևի զարգացման համար, որոշում ենք, թե ով է ղեկավարելու ֆեդերացիան, հաստատում ենք կանոնադրությունը և կանոնները նրանց համար, ում վստահում ենք Հայաստանում ֆուտբոլի զարգացման գործընթացը։

ՀՖՖ-ի հիմնական խնդիրներն են ֆուտբոլի մասսայականացումը, մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումը, նոր ներդրողների ներգրավումը, արդար մրցակցային գործընթացի ապահովումը և հավաքականների հետ աշխատանքը: Ֆինանսավորումը հիմնականում իրականացնում են ՖԻՖԱ-ն և ՈւԵՖԱ-ն` միջազգային ֆուտբոլի մարմինները։ Օրինակ՝ 2021 թվականին ՀՖՖ-ն միջազգային ֆեդերացիաներից ստացել է ավելի քան 7,5 մլրդ դրամ, բայց նրանց գործելաոճն ու թափանցիկությունը ծախսերի վերաբերյալ կասկածներ է հարուցում ինձ մոտ:

Այլ կերպ ասած` հենց Ձեր նման անհատներն իրավունք ունեն ու պետք է գնահատական տան ֆեդերացիայի աշխատանքին: Ինչպիսի՞ն էր գործող ֆեդերացիայի եռամյա աշխատանքը` Գործադիր կոմիտեի նոր կազմի ընտրությանն ընդառաջ:

Միանշանակ ճիշտ եք: Վերջին 3 տարում Հայաստանի առաջնությունը լքել է չորս մարզային թիմ: Բոլորին է հայտնի, որ նրանք հեռացել են ՀՖՖ ղեկավարության հետ աշխատանքից դժգոհ լինելու պատճառով: Ընդ որում` «Լոռի ՖԱ»-ն և «Սևան ՖԱ»-ն այդ կապակցությամբ պաշտոնական հայտարարություններ են արել։ «Սևան» ֆուտբոլային ակումբի պարագայում Ֆեդերացիայի ղեկավարությունը ոչ միայն գիտակցաբար ոչնչացրեց ակումբը, այլև արգելեց ակումբի սեփականատեր Տիգրան Հակոբյանին զբաղվել հայկական ֆուտբոլի զարգացմամբ՝ երեք տարի ժամկետով: Իմ կարծիքով դա ոչ միայն անօրինական է և հակասում է հաստատված կանոնակարգին, այլև աբսուրդային է։ Մոտ ժամանակներս այս գործը քննելու է CAS-ը (Միջազգային մարզական արբիտրաժային դատարան-խմբ.): Հույս ունեմ, որ նրանք կչեղարկեն այդ անիմաստ որոշումը և թույլ կտան ակումբին ու ղեկավարությանը վերադառնալ ֆուտբոլ, եթե իհարկե նրանց մոտ դեռ ցանկություն է մնացել ներդրումներ կատարել Հայաստանում ֆուտբոլի զարգացման գործում։

ՀՖՖ գլխավոր գործառույթներից մեկը մանկապատենական ֆուտբոլի զարգացումն է ու մասսայականացումը: Մեր ակումբը նույնպես մեծ մասնակցություն ունի այս գործընթացում` իր ակադեմիայով: Ի՞նչ դրական տեղաշարժեր ու խնդիրներ եք տեսնում այս ուղղությամբ:

Ֆեդերացիայի ղեկավարությունն ընդհանրապես մանկապատանեկան ֆուտբոլով չի զբաղվում։ Մենք մի քանի անգամ առաջարկել ենք համատեղ շարժվել այդ ուղղությամբ: ՀՖՖ-ն ամեն տարի ստանում է նպատակային գումարներ, որոնք հատկացվում են խաղադաշտերի կառուցման համար։ Մենք առաջարկում էինք դա անել այն մարզերում, որտեղ շատ երեխաներ կան, բայց ֆուտբոլով զբաղվելու հնարավորություն չկա: Ընդ որում` մենք պատրաստակամություն էինք հայտնել մեզ վրա վերցնել հանդերձարանների կառուցումն ու տվյալ վայրերում մանկապատանեկան դպրոցների մասնաճյուղերի ստեղծումը։ Օրինակ` Դիլիջանում մենք վերականգնեցինք քաղաքային մարզադաշտը, կարգի բերեցինք հանդերձարանները, բայց ՀՖՖ-ն երեք տարվա ընթացքում այդպես էլ չկատարեց երեխաների համար արհեստական դաշտ կառուցելու խոստումը։

Մենք ոչ մի կերպ չէինք կարողանում հասկանալ, թե ինչու են այդ մարդիկ այդքան անպատասխանատու վերաբերվում մանկական ֆուտբոլի զարգացման խնդրին և կառուցում դաշտեր այն վայրերում, որտեղ դրա կարիքն առանձնապես չկա, քանի դեռ չայցելեցինք մի քանի այդպիսի դաշտեր։ Այն, ինչ մենք տեսանք տեղում, տվեց մեր բոլոր հարցերի պատասխանները: Դրանք շատ ցածրորակ դաշտեր էին, որոնք կառուցված էին խախտումներով, առանց դրենաժի, բայց դրանց վրա բավական մեծ գումարներ էին ծախսվել: Մենք հասկացանք, որ նրանց չի հետաքրքրում մանկական ֆուտբոլի զարգացումը, նրանց հետաքրքում է միայն ՈւԵՖԱ-ի ու ՖԻՖԱ-ի կողմից տրամադրված նպատակային փողերի յուրացումը: Նման մի դաշտ կա Բերդավանում ՝ «Փյունիկի» ակադեմիայի մասնաճյուղից ոչ հեռու, բայց մեր երեխաները նախընտրում են ավելի շատ խաղալ մերկ հողի վրա, քան այդ դաշտերում, քանի որ դա իսկապես շատ տրավմատիկ է։ Նույնը կարելի է ասել Վայքի դաշտի մասին, որտեղ խաղում են Բարձրագույն խմբի թիմերը։ Նման խաղադաշտերն ավելի շատ վնասում են ֆուտբոլին, քան նպաստում դրա զարգացմանը։

Առանձին ցանկանում եմ անդրադառնալ նաև Հայաստանի մանկապատանեկան հավաքականներին, մասնավորապես, նախապատրաստվելու, մարզիչների ընտրության և երեխաների հրավերների հարցին: ՀՖՖ-ում ընտրությունները տեղի է ունենում հիմնականում ծանոթ-բարեկամ սկզբունքով, այլ ոչ թե պրոֆեսիոնալ սկզբունքով: Օրինակ` վերջերս մանկապատանեկան հավաքականներից մեկի գլխավոր մարզիչ նշանակվեց մեկը, ով նոր էր վերադարձել մրցաշարից, որտեղ ավելի մեծ տարիքի երեխաների հետ պարտվել էր բոլոր խաղերը: Բացի դրանից, մենք հաճախ տեսնում ենք, երբ գլխավոր մարզիչը հավաքական է հրավիրում այն երեխաներին, ովքեր քիչ են խաղում իրենց ակումբներում, այդ թվում` մեր ակումբում, բայց քանի որ մտերիմ կապեր ունեն նրանց ծնողների հետ, հենց նրանք են ընդգրկվում, իսկ շատ տաղանդավոր տղաներ մնում են ստվերում:

Սակայն ՀՖՖ-ն քայլեր է ձեռնարկել մարզումային գործընթացի կատարելագործման ու իսպանական մոդելի ներդրման հարցով` հրավիրելով նաև մասնագետների: Ի՞նչ պտուղներ է քաղել հայկական ֆուտբոլը, մասնավորապես մեր ակումբն այս ծրագրից:

Մենք մի քանի անգամ ներկա ենք եղել այդ մարզիչների կողմից անցկացվող դասընթացներին և հասկացել ենք, որ նրանք չեն կարող որևէ օգտակար բան տալ հայկական ֆուտբոլին և դա այն դեպքում, երբ ծրագրի վրա հարյուր հազարավոր եվրոներ են ծախսվել:

Հիշում եմ, երբ մեր երիտասարդական թիմը Չեմպիոնների լիգայի առաջին հանդիպումն անցկացնում էր Երևանում, մենք վստահ էինք, որ ՀՖՖ-ն կաջակցի մանկապատանեկան ֆուտբոլի համար այս եզակի իրադարձությունը կազմակերպելու գործում։ Կարծում էինք մեզ կհաջողվի այդ խաղին հրավիրել տարբեր ակադեմիաների երեխաների, որպեսզի նրանց մոտիվացնենք այն փաստով, որ իրենք էլ մոտ ապագայում կարող են հանդես գալ նման մրցաշարում: Ցավոք, ՀՖՖ ղեկավարությունը հրաժարվեց օգնության ձեռք մեկնել և Ավանի մարզադաշտի վարձակալության համար պահանջեց վճարել 5 միլիոն դրամ, արդյունքում, մենք ստիպված էինք խաղալ Շենգավիթում՝ արհեստական դաշտում։ Հայաստանում մարզադաշտերի վարձակալության գներն ընդհանրապես առանձին թեմա են, պարոն Մելիքբեկյանը ցինիկաբար, ավելի քան երեք անգամ բարձրացրել է մարզադաշտերի և մարզադաշտերի վարձակալության գինը՝ փոխարենը ոչինչ չտալով և դրանով շատ է բարդացրել ակումբների կյանքը։ Ես կարող եմ բերել ֆեդերացիայի ղեկավարության անպատասխանատու վերաբերմունքի բազմաթիվ օրինակներ, բայց պատասխանատու կերպով հայտարարում եմ, որ նման մոտեցմամբ մենք վտանգում ենք և խաչ ենք քաշում Հայաստանում մանկական ֆուտբոլի զարգացման վրա:

Մրցավարությունը մշտապես սուր քննարկումների առիթ է տվել Հայաստանում: Հաջորդ տարվանից, կարծես, ներդրվելու է VAR համակարգը: Արդյո՞ք իրատեսական է այդպես վերացնել բոլոր թերություններն այդ մասով:

Այս մրցաշրջանում մեր գլխավոր մարզիչը շատ է խոսել մրցավարության մասին։ Կարող ենք միայն փաստել, որ մրցավարների մեծ մասը Հայաստանում շատ վատ են աշխատում։ Նոր մրցաշրջանում մեծ թվով սխալներն արդեն հանգեցրել են մրցաշարային աղյուսակում տեղերի անարդար բաշխմանը։ Այս սխալները դիտավորյալ բնույթ են կրում, թե ոչ, ես չեմ կարող պնդել, քանի որ ապացույցներ չկան, բայց դժվար չէ նկատել, թե ինչպես է մրցավարը փոխում խախտումների արձանագրման մոտեցումները` կախված լուսատախտակի վրայի հաշիվներից, առանց հիմնավորման անարդար կարմիր քարտ է տալիս դաշտի կենտրոնում, սուլում է բոլոր մանր խախտումների ժամանակ՝ փորձելով պահպանել հաշիվը: Մենք արդեն երրորդ տարին է, ինչ սպասում ենք VAR համակարգի մուտքին Հայաստան:

Պարոն Սողոմոնյան, մեկ այլ կարևոր նախագիծ է Բանակի Կենտրոնական Մարզական Ակումբի ստեղծումը, որն արդեն գործում է երեք տարի, իսկ այս տարվանից նեդրվեց ԲԿՄԱ-2-ը, որը նույնպես շատ սպասված նորություն էր: Սակայն այստեղ էլ կարծիքները, կարծես, հակասական են:

Այս գաղափարը պահանջում Էր կատարելագործում, բայց շատ չլուծված հարցեր մնացին, որոնք շտկումներ էին պահանջում: Ցավոք, ՀՖՖ գործող ղեկավարների հետ այս թեմայով երկխոսությունն ամբողջությամբ դադարել է։ Օրինակ, արդեն ակնհայտ է, որ հավաքելով բոլոր երիտասարդներին մեկ թիմում, զարգացումը շատ դանդաղ է ընթանում: Դա երևում է երեք տարվա խաղերի արդյունքում: Չնայած ԲԿՄԱ-ում հավաքված են 18 և 19 տարեկան Հայաստանի ամենատաղանդավոր ֆուտբոլիստները, բայց ակնհայտ է, որ զարգացման համար երիտասարդ խաղացողը պետք է շփվի ավելի փորձառու ֆուտբոլիստների հետ, ինչպես մարզումների ժամանակ, այնպես էլ առաջնության խաղերում: Ես առաջարկում եմ այդ խաղացողներին վերադարձնել ակումբներ, որտեղ նրանք կխաղան ու կմարզվեն, իսկ մնացած ժամանակը կանցկացնեն բանակում։ Դա ավելի արդյունավետ և պակաս ծախսատար կլինի ակումբների համար։ Այսօրվա դրությամբ, ի դեպ, բոլոր ակումբներն իրենց յուրաքանչյուր խաղացողի համար ամսական վճարում են 600 դոլար: Բացի «Ուրարտուից», քանի որ այդ ակումբի սեփականատերը հրաժարվել է վճարել, չնայած այն հանգամանքին, որ մինչև վերջերս նրանց ֆուտբոլիստները մեծամասնություն էին կազմում ԲԿՄԱ-ում:

Ինչ վերաբերում է ԲԿՄԱ-2-ին, սկզբում մենք ուրախացանք, որ ավելի շատ երիտասարդ տաղանդավոր ֆուտբոլիստներ կարող են օգուտ բերել հայկական ֆուտբոլին։ Բայց այստեղ էլ մեզ մեծ հիասթափություն էր սպասվում. նախ ՝ ԲԿՄԱ-1 սկսեցին հրավիրել վարձատրվող ֆուտբոլիստների, Մելիքբեկյանն ինքը սկսեց զբաղվել ֆուտբոլային թիմի կառավարմամբ, ինչն, իմ կարծիքով, արմատապես հակասում է այն պարտականություններին, որոնք մենք դրել ենք նրա վրա, և ամենատխուրն այն է, որ ԲԿՄԱ-2-ը դարձրին բանակից խուսափելու հնարավոր միջոց` իրենց ծանոթների և ինչ-որ հեղինակությունների համար։ Իսկ դա արդեն ես որակում եմ որպես դավաճանություն և’ ֆուտբոլի, և’ ազգային շահերի դեմ, հատկապես հիմա` Հայաստանի համար շատ բարդ ժամանակաշրջանում։

Խոսքս հիմնավորելու համար, ասեմ, որ մեր ակադեմիայում ֆուտբոլիստ կար, ում անունը չեմ ուզում նշել, որպեսզի չվնասեմ երիտասարդ տղային։ Նրա հայրն աշխատել է ՀՖՖ-ի իրավաբանական բաժնում, իսկ մայրը՝ բարձրաստիճան պաշտոնյա է: Անցյալ տարվա սկզբին նրա հայրը եկավ ակումբ և ակադեմիայի գլխավոր թիմի մարզիչից պահանջում էր իր որդուն ներգրավել կազմ, որպեսզի նա հետագայում ընդգրկվի ԲԿՄԱ-ում և իր տարիքային հավաքականում։ Նա նաև սպառնում էր, որ հակառակ դեպքում մարզիչը մեծ խնդիրներ կունենա, քանի որ իրենք ազդեցիկ մարդիկ են։ Մեր մարզիչը` հայտնի սերբ մասնագետ Գորան Ալեկսիչը, տարակուսած զանգահարեց ինձ և ասաց, որ ֆեդերացիայի աշխատակցից հրահանգներ և անգամ սպառնալիքներ է ստանում, բայց հրաժարվում է դրանք կատարել, այդ դիրքում կան նույն տարիքի և նույնիսկ նրանից երիտասարդ բայց շատ ավելի ուժեղ ու որակյալ ֆուտբոլիստներ։ Ես ստուգեցի այդ տեղեկությունը, բոլոր մարզիչները հաստատեցին, որ այդ ֆուտբոլիստը միջին մակարդակի որակներ ունի և կան շատ ավելի տաղանդավոր տղաներ այդ տարիքային խմբում։ Ի վերջո, հայրը Մելիքբեկյանի միջոցով որդուն տեղավորել է մեկ այլ ակումբ, որտեղ նա ոչ մի խաղ չի անցկացրել, իսկ հետո նրան գրանցել են Մ-19 հավաքականում և ԲԿՄԱ-2-ում: Նրա հայրն այժմ ՀՖՖ Բողոքարկման կոմիտեի ղեկավար կազմից է և կատարում է այն ամենը, ինչ խնդրում է պարոն Մելիքբեկյանը։ Մենք ևս մեկ անգամ ստուգել ենք այդ խաղացողի վիճակագրությունը, պարզվում է, որ նա ոչ մի խաղ չի անցկացրել հավաքականի կազմում և ԲԿՄԱ-2-ում գրեթե չի խաղում, ինչպես ինձ ասաց Ավանի ակադեմիայում աշխատող մի մարզիչ` «նա սպասում է, թե երբ կավարտվի ծառայության ժամկետը, որպեսզի ավարտի կարիերան»: Ցավոք, նման դեպքերը եզակի չեն։ Նման մարդկանց պատճառով, իսկապես տաղանդավոր երիտասարդ ֆուտբոլիստներ այժմ ծառայում են բանակում, քանի որ նրանք բարձրաստիճան պաշտոնյա ծնողներ չունեն և նրանց տեղն արդեն զբաղված է:

Այս դեպքից տարակուսած՝ ես հատուկ ներկա գտնվեցի «Փյունիկ Ակադեմիա» -ԲԿՄԱ-2 խաղին և իսկապես հիասթափված էի ԲԿՄԱ-2-ի խաղամակարդակից, որում խաղում են նաև մեր սաները։ Չնայած նրան, որ «Փյունիկում» խաղում են 16 և 17 տարեկան տղաներ, իսկ ԲԿՄԱ-2-ում, ըստ էության, պետք է հավաքվեն 18 և 19 տարեկան լավագույն ֆուտբոլիստներն ամբողջ Հայաստանից, ԲԿՄԱ-2-ը պարտվեց այդ խաղում, ինչն ինձ մոտ կասկած չթողեց: Իմ կարծիքով` ԲԿՄԱ-ում հավաքագրումն իրականացվում է ոչ մարզական սկզբունքով։

Ֆուտբոլային հանրությունը նաև շարունակում է սպասել ՀՖՖ որոշմանը` ՀՊԼ «Ուրարտու»-«Նոա» հանդիպմանը պահեստայինների նստարանին որակազրկված մարզչի ներկայության հետ կապված: Այս մասով ի՞նչ կասեք։

Պահեստայինների նստարանին որակազրկված մարզիչ տեսնելը նույնն է, ինչ խաղադաշտում որակազրկված խաղացող տեսնելը։ Ըստ կանոնակարգի` գրանցվում է տեխնիկական պարտություն, բայց քանի որ պարոն Մելիքբեկյանը նախագահի թեկնածու էր առաջադրվել հենց «Ուրարտուի» կողմից, և հաջորդ տարի սպասվում են հերթական ընտրությունները, բոլորը հասկանում են, որ ղեկավարությունն ամեն ինչ անելու է, որպեսզի «Ուրարտու ՖԱ»-ն խուսափի պատժից։ Չնայած լրագրողների բազմաթիվ հարցումներին՝ ՀՖՖ-ն մինչ օրս որևէ կերպ չի մեկնաբանել այդ միջադեպը։ Մեզ հաջողվել է պարզել, որ կարգապահական կոմիտեն իսկապես զրկել է «Ուրարտուին» երեք միավորից և տեխնիկական պարտություն գրանցել, ինչպես գրված է կանոնակարգում, բայց «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի բողոքարկումից հետո բողոքարկման կոմիտեն, որի վրա մեծ ազդեցություն ունի պարոն Մելիքբեկյանը, չեղարկել է այդ որոշումը։ Այս ամենը խնամքով թաքցվում է ֆուտբոլային հանրությունից` ժամկետների առավելագույն ձգձգմամբ։ Մեր կարծիքով, սա ցույց է տալիս, որ հայկական ֆուտբոլում ֆեդերացիայի ղեկավարի հետ հարաբերություններն ավելի կարևոր են, քան սահմանված օրենքները։ Նման որոշմամբ, մեր կարծիքով, խարխլվում են սպորտային մրցումների բոլոր հիմքերը, որոնցից տուժելու են բոլորը` առանց բացառության, այդ թվում` «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը։

Պարոն Սողոմոնյան, նման իրողությունները միանշանակ հիասթափության լուրջ պատճառ կարող են դառնալ: Արդյո՞ք այս ամենը կարող է ստիպել Ձեզ դադարեցնել ներդրումները հայկական ֆուտբոլում:

Եթե անկեղծ` հաճախ եմ մտածում այդ մասին ու շատ լավ եմ հասկանում հայկական ֆուտբոլից հեռացած ակումբների սեփականատերերի զգացողությունները, չէ որ այդ ներդրումներն անվերադարձ են, և մեզ ոչ ոք չի ստիպում դա անել, այդ քայլին մեզ մղում է մեր սերը Հայաստանի և սպորտի հանդեպ։ ՀՖՖ ղեկավարության նման վերաբերմունքից հետո, այս տարի, ես արդեն ժամանակավորապես դադարեցրել եմ մարզերում մասնաճյուղերի զարգացմանն ուղղված ֆինանսավորումը, քանի որ մանկական ֆուտբոլը հնարավոր չէ միայնակ զարգացնել, ուժեղ մրցակիցներ են պետք, խաղադաշտերն ու հանդերձարանները խիստ պակասում են: Մեր ուժեղ տղաներին, ովքեր հավաքականի կորիզն են իրենց տարիքային խմբերում, ներառում են թույլ խմբերի մեջ, որտեղ նրանք հաղթում են խոշոր հաշիվներով և կորցնում զարգանալու ամբողջ մոտիվացիան։ Երբ այդ ղեկավարները վերջապես հեռանան հայկական ֆուտբոլից, ես անպայման կվերսկսեմ մարզերում ֆուտբոլի զարգացմանն ուղղված ֆինանսավորումը։

Բայց չէ՞ որ երեք տարի առաջ ՀՖՖ անդամներն իրենք են ընտրել Արմեն Մելիքբեկյանին որպես ՀՖՖ նախագահ:

Ես կցանկանայի հիշեցնել, թե ինչպես են անցկացվել 2019 թվականի ընտրությունները և կարևոր խոստովանություն անել այս թեմայով. 2019 թվականի նոյեմբերին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի անդամներն անվստահություն հայտնեցին ղեկավարությանը և մեկ ամիս անց հայտարարեցին նոր արտահերթ ընտրությունների մասին։ Չնայած այն հանգամանքին, որ պարոն Մելիքբեկյանն այդ ժամանակ ՀՖՖ գլխավոր տնօրենն էր և այն մարդկանցից էր, ով իրավիճակը հասցրել էր անվստահության, հենց նրա թեկնածությունն առաջադրվեց «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի կողմից՝ ՀՖՖ նախագահի պաշտոնում: «Փյունիկ ՖԱ»-ն առաջարկել էր կառավարման մեծ փորձ ունեցող իր թեկնածուին, որին հեռացրին ընտրություններից մի քանի օր առաջ՝ ձևական և չհիմնավորված պատճառաբանություններով։ Հաշվի առնելով բոլոր պահանջները, մեր առաջադրած թեկնածուն ավելի շատ շանսեր ուներ ընտրվելու, քան պարոն Մելիքբեկյանը, բայց, այնուամենայնիվ, օգտագործելով իրենց քաղաքական կապերը, պարոն Նիկողոսյանն ու պարոն Մելիքբեկյանը չեղյալ հայտարարեցին մեր թեկնածուի մանդատը։

Ընտրություններից առաջ որոշում կայացվեց ձայնի իրավունքից զրկել 8 կազմակերպությունների, որոնք աջակցում էին երկրորդ թեկնածուին ՝ Թովմաս Գրիգորյանին։ Այդ որոշումը պետք է պաշտպաներ ֆեդերացիայի անդամների երկու երրորդը։ Այդ որոշման համար բավարար ձայներ չեն եղել, և այն ժամանակ կազմակերպիչները գնացել են կեղծիքի և այդ հարցով ձեռնպահ քվեարկողների ձայները համարել են «կողմ», թեև բոլորի համար ակնհայտ էր, որ դա այդպես չէ։ Մարինա Թաշչյանը վրդովվել էր այդ ակնհայտ խաբեությունից։ Նա միակ մարդն էր, ով փորձում էր այդ մասին հայտարարել, բայց նրան թույլ չտվեցին` «հեռացնելով» Գործկոմից, որտեղ նա աշխատել էր 20 տարի՝ պատասխանատու լինելով Հայաստանի հավաքականի աշխատանքի համար` հիանալի կատարելով իր աշխատանքը: Արդյունքում, թողնելով լոյալ ձայների մեծամասնությունը, Մելիքբեկյանը ոչ իրավաչափ կերպով ընտրվել է ՀՖՖ նախագահ։

Ես իսկապես ամաչում եմ, որ նոր եմ բարձրաձայնում այդ մասին: Ուզում եմ ներողություն խնդրել հայկական ֆուտբոլի բոլոր երկրպագուներից և անձամբ Մարինե Թաշչյանից` այդ խայտառակ ընտրությունների արդյունքների հետ լուռ համաձայնելու համար։ Երեք տարի անց մենք գիտակցում ենք, թե որքան սխալ էինք, երբ լռեցինք այդ պահին։ Պարզապես մենք այդ պահին չէինք ցանկանում ավելի վնասել հայկական ֆուտբոլին, բայց ժամանակը ցույց տվեց, որ մենք սխալվեցինք։ Այժմ մենք գտնվում ենք մի իրավիճակում, երբ Հայաստանում ֆուտբոլը կառավարում են ոչ թե մարդիկ, ովքեր իրենց միջոցները, ժամանակը և ռեսուրսները ներդնում են հանուն ֆուտբոլի զարգացման, այլ ոչ կոմպետենտ մարդկանց մի փոքրիկ խումբ, ովքեր մինչ այդ կառավարման ոչ մի փորձ չեն ունեցել և նրանց հետաքրքրում է միայն փողն ու սեփական աթոռները։

Շատերի համար ՀՖՖ աշխատանքը գնահատելու գլխավոր չափորոշիչը Հայաստանի ազգային հավաքականի ելույթներն են ու գրանցած արդյունքները:

Ցավոք, այն, ինչ մենք տեսանք ազգային հավաքականի մոտ, նույնպես լավատեսություն չի ներշնչում։ Պրոֆեսիոնալ մոտեցման բացակայությունը հանգեցրել է նրան, որ Հայաստանի հավաքականից հեռացել են թիմի առաջատարները, իսկ վերջին արդյունքները մեծ հիասթափություն են առաջացրել երկրպագուների մոտ։ Այս ամենը ոչ մի կերպ չի նպաստում Հայաստանում ֆուտբոլի զարգացմանը։ ՀՖՖ-ն ազգային հավաքականների խաղերը վերածել է մեծ հավաքույթի, հսկայական գումարներ է ծախսում չարթերների վրա՝ իրենց մտերիմների համար, տնային հանդիպումների ՎԻՊ հրավիրատոմսեր է բաժանում իրենց ընկերներին՝ մոռանալով նրանց մասին, ովքեր իսկապես աշխատել են հայկական ֆուտբոլի փառքի համար։

Օրինակ, ՀՖՖ 30-ամյակի տոնակատարությանը, որը մեծ շուքով անցկացվեց այս ամռանը, ներկա չէին Հենրիխ Մխիթարյանը և նրա մայրը ՝ Մարինա Թաշչյանը, ովքեր հայկական ֆուտբոլի համար անհամեմատ ավելին են արել, քան գործող ֆեդերացիայի ամբողջ ղեկավարությունն ու աշխատակիցները միասին վերցրած։

Մտավախություն չկա, որ նման հայտարարություններից հետո Մելիքբեկյանի կողմնակիցները կհեռացնեն «Փյունիկի» ներկայացուցչին ՀՖՖ Գործկոմից:

Ես շատ լավ հասկանում եմ, որ պարոն Մելիքբեկյանը և պարոն Նիկողոսյանը կփորձեն ամեն ինչ անել, որպեսզի թույլ չտան մեր ներկայացուցչի ընտրությունը ՀՖՖ Գործկոմի կազմում, ինչպես 2019թ.-ին դա արեցին։ Մեր տեղեկություններով ՝ հիմա արդեն ակտիվ աշխատանք է տարվում այդ ուղղությամբ։ Բայց փառք Աստծո, քվեարկում են ոչ թե նրանք, այլ ֆեդերացիայի անդամները։ Նախորդ անգամ Կիմ Առաքելյանը, ում այժմ «Փյունիկ ՖԱ»-ն առաջադրել է որպես ՀՖՖ Գործկոմի իր թեկնածու, հավաքել է ամենաշատ ձայները, քանի որ բոլորը նրան ճանաչում են որպես շատ փորձառու մենեջերի, ով կարող է շատ օգտակար լինել Հայաստանում ֆուտբոլի զարգացման համար: Պարոն Առաքելյանը երեք տարվա ընթացքում հանդես է եկել բազմաթիվ նախաձեռնություններով ու արդյունավետ աշխատանք է կատարել նաև մեր ակումբում: Այս երկու գործոնները էական են ու փոխկապակցված: Եթե արհեստական խոչընդոտներ չլինեն, նա պետք է նորից ընտրվի, ընդ որում՝ ձայների զգալի առավելությամբ:

Զրույցի սկզբում նշեցիք, որ հայկական ֆուտբոլում մեծ ներուժ եք տեսնում, արդյո՞ք ՀՖՖ ներկայիս ղեկավարությունն ունակ է ռեալիզացնել դա:

Դա իմ գլխավոր ցավն է, բայց ես տեսնում եմ շատ տաղանդավոր երիտասարդների սերունդ։ Կան խաղացողներ, ովքեր կարող են մեծ աստղեր դառնալ: Ես պատրաստ եմ պատասխանատվություն վերցնել և հայտարարել, որ մենք աշխարհի կամ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալու իրական շանսեր կարող ենք ունենալ առաջիկա վեց տարվա ընթացքում։ Իհարկե, շատ աշխատանք կա անելու, և անհրաժեշտ է հենց հիմա, հենց այս պահից սկսել։ Առաջին բանը, իհարկե, պետք է փոխել ՀՖՖ գործող, ոչ կոմպետենտ ղեկավարությանը։ Այդ պատճառով «Փյունիկ ՖԱ»-ի անունից ուզում եմ պաշտոնապես հայտարարել, որ մենք անվստահության քվե ենք հայտնում ֆեդերացիայի գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանին և պահանջում ենք նրա հրաժարականը: Կոչ ենք անում ֆեդերացիայի բոլոր անդամներին միանալ մեզ: Ես վստահ եմ, որ մենք կարող ենք միավորվել հանուն մեր ֆուտբոլի ապագայի և վերջապես ընտրել փորձառու, պրոֆեսիոնալ կառավարիչներ, ովքեր կօգնեն մեր ֆուտբոլին շարժվել առաջ, ոչ թե ունենալ հետընթաց: