«Փաստ» օրաթերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, Եվրոպայի խորհրդի կրթական դեպարտամենտում տարիներ շարունակ եղել է առաջարկ Հարավային Կովկասի երկրների՝ Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի համար ստեղծել միասնական դասագիրք: Տրամաբանորեն, այն պետք է ունենար գլոբալիստական, ոչ ազգային ուղղություն և բովանդակություն: Սակայն նախկինում Հայաստանի Հանրապետության կողմից այդ ծրագիրը իրատեսական չի համարվել, և Հայաստանը չի մասնակցել դրան: Եվ ահա, մեր աղբյուրների փոխանցմամբ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնում Ժաննա Անդրեասյանի նշանակումից հետո այդ թեման վերակենդանացել է:

Ի դեպ, հենց նրա անվան հետ են կապվում մի շարք գլոբալիստական «բարեփոխումներ», որոնք միտված էին հայագիտության, ազգայինի դերի նվազեցմանը, մասնավորաբար «Հայ եկեղեցու պատմություն» առարկան հանրակրթական ծրագրերից հանելուն: Ինչպես նշվեց ԶԼՄ-ներում, նրա առաջին շրջաբերականներից մեկն էլ վերաբերում էր դպրոցներին ուղղված ցուցումին՝ զերծ մնալ ռազմահայրենասիրական, ռազմագիտական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների հետ համագործակցությունից: Եթե իրականում վերնշյալ դասագիրքն իրականություն դառնա, ապա այն կարող է լրջագույն հետևանքներ ունենալ՝ հաշվի առնելով դրա հավանական բովանդակությունը:


Օրինակ՝ դժվար չէ կռահել, թե այդ գրքում ինչպես է անդրադարձ կատարվելու (եթե ընդհանրապես կատարվի) Հայոց ցեղասպանությանը, Արցախի հիմնախնդրին, Սումգայիթյան կոտորածին, Մարաղայի դեպքերին և այլն:Եվ ընդհանրապես, մեր աղբյուրները փոխանցում են, որ նման դասագրքի նպատակն է լինելու երիտասարդության շրջանում ներդնել ոչ ազգային, գլոբալիստական մտածողություն, դաստիարակել, այսպես կոչված, «տարածաշրջանային համակեցության» գաղափարներով, իսկ ամենամեծ վտանգն այն է, որ հայ երիտասարդների շրջանում կարող են տարածվել ադրբեջանական նարատիվները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում