Բաքվի ղեկավար Իլհամ Ալիևը սահմանել է Նախիջևանի ինքնավար հանրապետությունում նախագահի լիազոր ներկայացուցչի ինստիտուտ, նշանակելով իր ներկայացուցչին՝ Ֆուադ Նաջաֆլիին: Ըստ Ալիևի հրամանագրի, Նաջաֆլին փաստացի դառնում է Նախիջևանի ղեկավար: Դե ֆակտո նրան են ենթարկվելու ինքնավար հանրապետության պետական և ՏԻՄ ինստիտուտները, ըստ հրամանագրի համաձայնեցնելով իրենց գործողությունները նախագահի լիազոր ներկայացուցչի հետ:
Իլհամ Ալիևի այդ որոշումը ինքնին լինելով ուշադրության արժանի, առավել հետաքրքրական է դառնում երկու օր առաջ եղած տեղեկության ֆոնին: Հայտնի դարձավ, որ հրաժարական է տվել Նախիջևանի ինքնավար հանրապետության երկարամյա ղեկավար Վասիֆ Թալիբովը: Ընդ որում, նա ոչ թե ինքն է ներկայացրել հրաժարականի տեքստը, այլ տեքստը ընթերցել է նրա օգնականը: Իսկ հրաժարականի պատճառները հայտնի չեն: