Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է Հայաստանի 2022թ․ լավագույն մարզչի քվեարկության արդյունքները։ Հայաստանի 2022թ․ լավագույն մարզիչ է ճանաչվել «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը, ով հավաքել է 94 միավոր:
Երկրորդ հորիզոնականում 57 միավորով Վահե Գևորգյանն է, ում գլխավորությամբ «Նորավանքը» 2022 թ. նվաճեց Հայաստանի գավաթը:
31 միավորով երրորդ հորիզոնականը զբաղեցրել է «Ուրարտու»-ի գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն:
«Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր իրենց քվեն տվել են ինձ։ Շնորհակալություն եմ հայտնում նաև իմ մարզչական շտաբին, ֆուտբոլիստներին ու ակումբին, քանի որ առանց նրանց նման նվաճման չէի կարող հասնել։
Ամեն ինչի հետ մեկտեղ այս մրցանակը պարտավորեցնում է մրցաշրջանի երկրորդ հատվածում անել ամեն հնարավորն ու անհնարինն այս կոչումը հաստատելու ու մեր նպատակներին հասնելու համար»,- Եղիշե Մելիքյանի խոսքերն է մեջբերում երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։