Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա է գտնվել «Մեր ժամանակների հերոսը» խորագրով մրցանակաբաշխությանը: Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:

Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Անվտանգության խորհրդի, կառավարության անդամներ, ԱԺ պատգամավորներ, ՀՀ մարզպետներ ու պաշտոնատար այլ անձինք:


Մրցանակաբաշխության սկզբում վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում,մասնավորապես, նշել է.

«Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ,

Ազգային ժողովի մեծարգո նախագահ,

Սահմանադրական դատարանի մեծարգո նախագահ,

Բարձրագույն դատական խորհրդի մեծարգո նախագահ,

Անվտանգության խորհրդի, կառավարության հարգելի անդամներ,

Ազգային ժողովի պատգամավորներ,

Հարգելի ներկաներ,

«Մեր ժամանակների հերոսը» մրցանակը հիմնվել է 2018 թվականին և առաջին անգամ իրագործվել է 2019 թվականին: Հենց սկզբից որոշակի լուռ, հետագայում՝ ավելի բարձր քննարկում, երբեմն նույնիսկ քննադատություն է եղել, որը հիմա թերևս ավելի բարձրաձայն է հնչում, թե արդյոք այս մրցանակաբաշխությունը «Մեր ժամանակների հերոսը» անվանելը նպատակ չունի՞ կամ գուցե ինքնաբերաբար չի՞ նսեմացնում իրական հերոսներին, ովքեր իրենց կյանքը նվիրել են Հայրենիքին և ովքեր կանգնած են Հայրենիքի պաշտպանության առաջնային դիրքերում:

Պիտի միանշանակ և աներկբա բացասական պատասխանեմ այս հարցին: Հակառակը, իմ կարծիքով, այս մրցանակաբաշխությունը և հարցի այսպիսի դիտանկյունը տրամաբանական շարունակությունն է հերոսության այն բանաձևի, որը մենք միշտ նկատի ենք ունեցել և շարունակում ենք նկատի ունենալ. այս մրցանակաբաշխությունը լրացնում է, որովհետև զինվորի և առաջնագծի հերոսությունն ի վերջո իր տրամաբանական արդյունքին չի հանգում առանց թիկունքի հերոսության, որովհետև չկա զինվոր՝ առանց ամուր թիկունքի: Մենք այսօր ուզում ենք հենց այս հանգամանքը նշել: Զինվորն ուժեղ է թիկունքով, և ինչքան ուժեղ է թիկունքը՝ այնքան ուժեղ է զինվորը, որովհետև այն միջոցները, որոնք գեներացվում են և ծախսվում հանուն անվտանգության, գեներացվում են, առաջին հերթին, տնտեսության մեջ: Ես ուզում եմ, որ մենք սա շատ լավ և բարձր արձանագրենք:

Պիտի բերեմ ամենաթարմ օրինակը. այս տարի Երրորդ Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ բանակում վճարվել է 13-րդ աշխատավարձ 100 տոկոս դրույքով: Դա ո՞ւմ շնորհիվ է: Դա, առաջին հերթին հարկ վճարողների շնորհիվ է, այն մարդկանց շնորհիվ, ովքեր ի հեճուկս բոլոր շարունակական ճգնաժամերի, շարունակում են աշխատել, որովհետև երկրի ինստիտուցիոնալ կայացման և բանակի, անվտանգության, ոստիկանության, պետական անվտանգության մարմինների գործունեությունն ապահովվում է, այսպես ասած, ավելացված արժեքի ստեղծմամբ:

Այսօր այս մրցանակաբաշխությունը հենց այս ենթատեքստը և համատեքստն ունի: Մենք վերջին անգամ այս մրցանակաբաշխությունն անցկացրել ենք 2020 թվականի սեպտեմբերի 21-ին՝ պատերազմից անմիջապես առաջ: Դրանից հետո մենք էլի էինք պլանավորել, որ վերականգնենք մրցանակաբաշխությունը, բայց ամեն անգամ ինչ-որ մի պատճառով որոշում ենք կայացրել հետաձգել: Այս անգամ որոշել ենք չհետաձգել, որովհետև, ինչպես առիթ ունեցել եմ ասելու, Հայաստանի զարգացման օրակարգից որևէ առիթով և որևէ պատճառով մի միլիմետր անգամ շեղվելու իրավունք չունենք:

Հակառակը՝ մենք սրանով արձանագրում ենք մեր վճռականությունը, մեր կամքը՝ Հայաստանի Հանրապետությունը որպես պետություն ուժեղացնելու, որովհետև Հայաստանի Հանրապետությունն այն առանցքն է, որի շուրջ կառուցում ենք մեր ռազմավարությունները, մեր մարտավարությունները, և որը հնարավորություն է ստեղծում ավելի կամ պակաս այդ ռազմավարություններն ու մարտավարություններն իրականացնել:

Իհարկե, այս օրը, առաջին հերթին, այն մարդկանց մասին է, ովքեր տնտեսության ոլորտում և որպես հարկ վճարողներ դեռ շատ մեծ նվաճումների չեն հասել: Բայց այս մրցանակաբաշխությունն այդ մարդկանց խրախուսելու, քաջալերելու համար է: Սա այն մասին է, որ մարդիկ որոշել են այս երկրում քարը քարի վրա դնելու, միավոր ստեղծելու, արժեք ստեղծելու ճանապարհին վերցնել պատասխանատվություն իրենց վրա և արդեն իսկ արձանագրել են որոշակի հաջողություններ. առաջին հերթին՝ իրենց համարձակությամբ, իրենց ստեղծագործականությամբ և իրենց վճռականությամբ հայտ ներկայացնելու միանալու հարկ վճարողների այն մեծ բանակին, ովքեր ամեն տարի նորանոր միլիարդներով հարստացնում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն, որով կանխորոշվում է, թե ինչ պայմաններում է ծառայելու մեր զինվորը, որով կանխորոշվում է, թե ինչ սպառազինություն ունի մեր զինվորը, ինչ հագուստ ունի, ինչ կոշիկ է հագնում և ինչ սնունդով է սնվում:

Ուզում եմ առանձնահատուկ ընդգծել, որ հատկապես այսօրվա պայմաններում, երբ մենք Լեռնային Ղարաբաղի Լաչինի միջանցքի խնդիր ունենք, այս պարագայում առավել պատեհ եմ համարում այս մրցանակաբաշխության իրագործումը: 2022 թվականին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից աննախադեպ ծավալների՝ շուրջ 164 մլրդ դրամի աջակցություն է ցուցաբերվել Լեռնային Ղարաբաղին: Ավելին՝ վաղվա որոշումով արդեն կլինի 168 մլրդ: Այդ գումարն ամենևին կառավարության անդամները չեն ստեղծել: Այդ գումարն ստեղծել են հազարավոր այն մարդիկ, որոնք տնտեսվարում են, ստեղծում են, արարում են և այսօր նրանցից ընդամենը մի քանիսին՝ 13-ին մենք մրցանակ կհանձնենք, բայց այս մրցանակը Հայաստանում տնտեսական գործունեություն ծավալող, աշխատող, արարող և ազնիվ հարկ վճարող յուրաքանչյուր քաղաքացունն է, յուրաքանչյուր տնտեսվարողինը, յուրաքանչյուր կազմակերպությանը:

Շնորհակալություն և փառք Հայաստանի Հանրապետությանը, փառք այն զինվորին, որ ոչ միայն իր անձնական սխրանքներով է պահելու Հայաստանի Հանրապետությունը, այլև ունենալու է այնպիսի ամուր թիկունք, որ հերոսությունը միայն զինվորի մենաշնորհը չի լինի: Հերոսությունը մի պատասխանատվություն է, որ մեզնից յուրաքանչյուրը պիտի կիսի իր տեղում. պետական պաշտոնյան իր աշխատավայրում, հարկ վճարողն իր աշխատավայրում, գիտնականն իր աշխատավայրում, ուսուցիչն իր աշխատավայրում: Մեր ժամանակները կդառնան իսկապես հերոսական ժամանակներ, եթե մեզնից յուրաքանչյուրը չզլանա վերցնել, կրել, տանել իր բաժին հերոսությունը:

Շմնորհակալ եմ»:

Մրցանակները շնորհվել են ՀՀ վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հանրային կապերի կենտրոնի կողմից պատրաստվող «Մեր ժամանակների հերոսը» հաղորդման 13 մասնակիցներին՝ «Պոգո» կոշիկի արտադրությամբ զբաղվող ընկերության հիմնադիր Միհրան Պողոսյանին, «Մետրմարկ» բետոնե դեկորներ ու կահույք արտադրող ընկերության հիմնադիր Դավիթ Ներսիսյանին, վիտրաժային իրերի արտադրությամբ զբաղվող «Վիտրում» ընկերության հիմնադիրներ՝ Նունե Ազիզյանին և Սիրանուշ Ամիրաղյանին, շոկոլադի արտադրությամբ զբաղվող «Դրիմ շոկոլադ» ընկերության հիմնադիր Անահիտ Բեյբությանին, հայկական ժայռապատկերներով կաշվե աքսեսուարների արտադրությամբ զբաղվող «Ծիրանէ» ընկերության հիմնադիրներ՝ Անահիտ Հարությունյանին և Էդմոնդ Ստեփանյանին, բազուկի թթվի արտադրությամբ զբաղվող «Գորիս Ագրոֆուդ» ընկերության հիմնադիրներ՝ Վլադ Բագրատյանին և Ժաննա Բարսեղյանին, հագուստի արտադրությամբ զբաղվող «Կռոանց» ընկերության հիմնադիր Աննա Հարությունյանին, տակառագործ Արմենակ Պողոսյանին, զարդեր պատրաստող «Արմինս Արթ» ընկերության հիմնադիր Արմինե Ստամբոլցյանին, «Լյուսինկա» ուսումնական կենտրոնի հիմնադիր Ստելլա Խաչատրյանին, «Արտիստ» թատերական ստուդիայի հիմնադիրներ՝ Գևորգ Վարդանյանին և Էլիզա Ստեփանյանին, փայտե կահույք և խճանկարներ արտարդող «ֆլեքսիթրի» ընկերության հիմնադիր Արթուր Մանասյանին:

13-րդ գլխավոր մրցանակին արժանացել է էլեկտրոնիկայի, ճարտարագիտության դասընթացներ անցկացնող և ԱԹՍ-ներ ստեղծող «Ասթրընոթ» ընկերության հիմնադիր Արմեն Դարբինյանը:

Գլխավոր մրցանակ-արձանիկը հանձնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նշել. «Մեր ժամանակների հերոսը» մրցանակակիրների խոսքից իմ մոտ այսպիսի պատկեր ձևավորվեց, ինձ թվաց, թե մենք մի հավաքական կերպար ենք ձևավորում այս մրցանակաբաշխությամբ, որովհետև տպավորություն է, ես մտքով գնացի նախորդ մրցանակաբաշխությունները, որ մեր մրցանակակիրները մեկը մյուսին շարունակում են: Թվում է, թե մարդիկ տարբեր կտորներով, տարբեր թեմաներով մտքեր են բարձրաձայնում, բայց իրականում մեկը մյուսին շարունակում են: Ինձ թվաց, թե մենք այս մրցանակաբաշխությամբ քաղաքացու՝ Հայաստանի Հանրապետության երազանքի հավաքական կերպարն ենք ձևավորում, և նրանցից յուրաքանչյուրն իր կերպարով, իր գործով, իր մոտեցմամբ, իր խոսքով մի շատ կարևոր հատվածն է, կներեք համեմատության համար, փազլն է այդ հավաքական կերպարի: Ես նաև ընթացքում հասկացա, որ պետք է գրառումներ անեմ նրանց ելույթներից, և երկու գրառում հասցրեցի անել: Այդ գրառումներից մեկի հեղինակը Շինուհայրից էր, որ ասաց. «Լավագույն գաղափարները ծնվում են վատագույն պայմաններից» և մեր վերջին մրցանակակիրը. «Մեզ մոտ անհնարին հասկացություն չի ընդունվում»: Կարծում եմ՝ այս երկու մեջբերումներն այսօրվա իրական խորհուրդն են արտահայտում»:

Վարչապետ Փաշինյանը բոլոր մրցանակակիրներին և «Մեր ժամանակների հերոսը» հաղորդման բոլոր մասնակիցներին հրավիրել է բեմ և շնորհակալություն հայտնել ստեղծագործ աշխատանքի համար: