Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» 22-ամյա նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդն այս մրցաշրջանում դարձավ 20 գոլ խփած առաջին ֆուտբոլիստը Եվրոպայի առաջատար հինգ լիգաներում (Անգլիա, Իսպանիա, Իտալիա, Գերմանիա, Ֆրանսիա)։
Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի խաղում Էրլինգ Հոլանդը երկու գոլ խփեց «Լիդս Յունայթեդին», «Մանչեսթեր Սիթին» հաղթեց 3:1 հաշվով։
Հոլանդի մոտակա հետապնդողներ, անգլիացի հարձակվող Հարի Քեյնը («Տոտենհեմ»), լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին («Բարսելոնա») ու Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն խփել են 13-ական գոլ։ Գերմանական «ՌԲ Լայպցիգի» ֆրանսիացի հարձակվող Կրիստոֆեր Նկունկուն աչքի է ընկել 12 անգամ։