Մեր խոսույթներն ու նպատակները շատ հաճախ իրականության հետ կապ չունեն կամ թույլ է այդ կապը, եւ սա է բերում ճգնաժամերի: Այս մասին այսօր՝ հունվարի 10-ին մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեր խնդիրն այն է, որ մենք իրականության նոր դիտանկյուն փորձենք ունենալ, այդ դիտանկյունից ստուգել, ռեֆլեկսիայի ենթարկել մեր ընկալումները, ինչքանով են դրանք իրական: Եկեք հասկանանք, եթե սխալվել ենք, ինչու ենք սխալվել, եւ ինչպես ենք սխալվել:


Շատ հաճախ ասում են՝ պատերազմի մեղավորությունն իմն է: Շատ լավ, եկեք հասկանանք՝ որն է եղել այն գործողությունը, որը պետք է մեզ հնարավորություն տար խուսափել պատերազմից: Այսինքն ճիշտ ձեւակերպումն այն է, որ այդ շրջանները պետք է հանձնվեր եւ ընդունվեր Հայաստանի կողմից ԼՂ կարգավիճակի անորոշությունը եւ ֆակտո արձանագրումը որպես Ադրբեջանի մաս, եւ ԼՂ-ից հեռացած ադրբեջանցիներին վերադառնալու եւ ԼՂ կառավարմանը կառավարման հնարավորություն տալը: Հիմա հետահայաց կարելի է ասել՝ այո, գուցե դա ավելի լավ կլիներ, քան այն, ինչ այսօր ունենք: Բայց այն ժամանակ ով ում կհամոզեր, որ դա մի ճանապարհ է, որով պետք է գնալ: Դա այն պայմաններում, որ մենք գիտեինք, որ ունենք ուժեղ բանակ, ունենք հուսալի դաշնակիցներ, երբ պաշտոնական զեկույցներ էին դրված սեղանին, որ մենք ի վիճակի ենք ոչ մի քայլ հետ տրամաբանությամբ գործել եւ այլն:

Ես չեմ ուզում սրանով որեւէ մեղադրանք շեղել, այդ ամենը կա, եղել է: Ես ասում եմ՝ եկեք ավելի խորը դիտենք: Մենք նույնիսկ ռենտգենի մակարդակը չի բավարարի հարցն ամբողջությամբ հասկանալու համար: Սա ԴՆԹ մակարդակի խնդիր է»,-ասաց վարչապետը:

Նա հայտարարեց, որ հայրենասիրության մեր մոդելը սովետական մոդել է, որն իր խորքում լուրջ հակասություն ունի Հայաստանի պետության ու պետականության հետ. «Եթե այդ մակարդակներից չգանք, թնջուկները չենք լուծի»,-հավելեց նա: