Արցախի Ազգային ժողովի ընդդիմադիր «Արդարություն» խմբակցությունն անընդունելի է համարում Արցախի համար այս ծանր իրավիճակում Վիտալի Բալասանյանի պաշտոնանկությունը։
Բալասանյանն Արցախի նախագահի հրամանագրով հինգ օր առաջ է ազատվել Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից։ Նրան այդ պաշտոնում փոխարինում է ԱԱԾ–ի փոխտնօրեն Արարատ Մելքումյանը:
«Այս ծանր իրավիճակում ընդունելի, ընկալելի չէ այդ պաշտոնանկությունը։ Մենք անընդհատ խոսում ենք միասնականության մասին, բայց այս պարագայում նման պաշտոնանկությունը մարդկանց մոտ կասկածներ, վախ է առաջացնում, անորոշությունը մեծանում է։ Վիտալի Բալասանյանը թեեւ 2020 թվականի նախագահական ընտրություններում չընտրվեց, բայց քարոզարշավի ժամանակ մարդիկ ասում էին, որ ծանր իրավիճակներում իրենց հույսը Վիտալի Բալասանյանն է, այսինքն՝ անձով պայմանավորված ապահովության զգացողություն կար։
Մյուս կողմից էլ կարող եմ ասել, որ Անվտանգության խորհուրդը նախագահի խորհրդատվական մարմինն է, առանձնապես մեծ գործառույթներ էլ չունի, ընդամենը խորհուրդ տվող մարմին է եւ որեւէ գործողություններ չի կատարում։ ԱԽ քարտուղարի նշանակումն ու ազատումն արվում է նախագահի կողմից, հետեւաբար, եթե նախագահը ժամանակին մտածել է, որ կարիք կա ԱԽ քարտուղարի պաշտոնում նրան նշանակել, միգուցե հիմա այդպես չի մտածում։ Խոսակցությունները, թե նրա պաշտոնանկությունը կապված է Ռուբեն Վարդանյանի հետ, իրատեսական չեմ համարում։ ԱԽ քարտուղարի գործառույթները կապված են միայն նախագահի հետ»,– NEWS.am–ի հետ զրույցում ասաց «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
Պատգամավորի խոսքով՝ Վիտալի Բալասանյանը թիրախավորված էր Արցախում գործունեություն ծավալող ինչ–որ խմբակների կողմից, որոնք ղեկավարվում են Արցախի նախագահի ու Հայաստանի վարչապետի կողմից։
«Դեռ մեկ տարի առաջվանից Վիտալի Բալասանյանի անվան շուրջ կեղծ լուրեր էին տարածում ինչ–որ խմբակներ, որոնք ղեկավարվում են Արցախի նախագահի ու Հայաստանի վարչապետի կողմից։ Նա թիրախավորված էր, որովհետեւ Արցախն ազատագրող հերոսներից էր, ով պայքարում է։ Վիտալի Բալասանյանի պաշտոնանկությունը այդ խմբակների տերերի նպատակն էր, բայց դե պետք է ցուցադրություն լիներ, որ իբրեւ թե հասարակական ճնշում կա, սակայն միտված չեմ կարծել, որ պաշտոնանկության վրա դա ազդեց, ուղղակի երբ խոսքը վերաբերում է խորհրդատվական մարմիններին, ապա նախագահն իրավասու է վարվել այնպես՝ ինչպես իրեն հարմար է, որովհետեւ պարոն Բալասանյանը առանձին չէր կարող գործառույթներ իրականացնել»,– նշեց Մետաքսե Հակոբյանը։