Բելառուսի պաշտպանության նախարարությունը երկուշաբթի տեղեկացրել է Միութենական պետության թռիչքատակտիկական զորավարժությունների մեկնարկի մասին։
«Այսօր մեկնարկել է Բելառուսի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի (ուժերի) տարածաշրջանային ավիացիոն զորակազմի մեջ մտնող ավիացիոն ստորաբաժանումների համատեղ թռիչքատակտիկական զորավարժությունը»,- նշվել է գերատեսչության մամուլի հաղորդագրությունում։ Ռուսական կողմից միջոցառմանը մասնակցում է օդատիեզերական ուժերի զորակազմը։ Զորավարժության գլխավոր նպատակը օպերատիվ համատեղելիության բարձրացումն է ուսումնամարտական առաջադրանքները կատարելիս։
«Զորավարժության ընթացքում նախատեսվում է մշակել բազմաթիվ հարցեր, այդ թվում՝ օդային հետախուզության իրականացում; պետական սահմանի երկայնքով օդային տարածքի համատեղ պարեկում; ավիացիոն աջակցություն զորախմբերին; տակտիկական օդային դեսանտի իջեցում; բեռների առաքում եւ վիրավորների տարհանում»,- տեղեկացրել է Բելառուսի պաշտպանության նախարարությունը։
Զորավարժության իրականացումն ապահովելու համար գործի են դրվել Բելառուսի ՌՕՈւ եւ ՀՕՊ զորքերի բոլոր օդանավակայանները եւ զորադաշտերը։
Բելառուսի եւ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի համատեղ օդատակտիկական զորավարժությունները շարունակվելու են մինչեւ փետրվարի 1-ը։