Երգիչ Անդրեն իր ինստագրամյան էջի Stories բաժնում հրապարակել է Ռոզա Լինի վերջին ելույթից կադր՝ նշելով, որ հպարտանում է նման հայրենակցուհի ունենալու համար։
Հրապարակմանը կից Անդրեն գրել է․ «Հայաստանի «հայտնիներ» այս հրաշք հայրենասեր աղջնակից շատ բան ունեք սովորելու, ամաչում եմ Արցախի հանդեպ ձեր դավաճանական անտարբերությունից եւ կույր լռությունից։ Շնորհակալ եմ Ռոզա Լին ջան, հպարտանում եմ, որ Քեզ նման հայրենակցուհի ունեմ։ Այն ինչին հասել ես եւ հասնելու ես, դու արժանի ես ավելիին։ Աստված քեզ միշտ պահապան լինի»։
Օրերս երգիչը նոր գրառում էր արել՝ անդրադառնալով Արցախում առկա խնդիրներին։ «Ադրբեջանը կտրել է Արցախ մտնող ինտերնետ կապի մալուխները։ Վթարվել է նաեւ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գիծը, եւ Ադրբեջանը թույլ չի տալիս վերականգնողական աշխատանքներ իրականացնել այդ հատվածում։ Համաձայն տեղական ինտերնետ մատակարարողի՝ վնասված մալուխը հենց այն հատվածում է, որտեղ տեղակայված են ադրբեջանցի «էկոակտիվիստները»», - գրել էր նա։ Ապա կոչ էր արել հայ հայտնիներին չլռել, խոսել Արցախի խնդրի մասին։