Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Սաուդյան Արաբիայում տեղի ունեցած նախախաղային ասուլիսում հույս է հայտնել, որ կնվաճի Իտալիայի սուպերգավաթը։ Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը տիտղոսը կվիճարկի չեմպիոն «Միլանի» հետ դիմակայությունում։
«Ես նվաճել եմ 4 սուպերգավաթ եւ հույս ունեմ, որ կնվաճեմ 5-րդ սուպերգավաթս։ Դա շատ կարեւոր է իմ կարիերայի համար, ակումբի համար էլ։ Ցանկանում ենք վաղը ամենաբարձր մակարդակում հանդես գալ եւ հասնել հաղթանակի։
Առաջին եզրափակիչս է «Ինտերի» հետ, բայց հույս ունեմ, որ վերջինը չէ։
Այս խաղում ֆավորիտ չկա։ Եթե կարողանանք ցուցադրել մեր լիարժեք խաղը, ոչինչ չի խանգարի նվաճել տիտղոսը»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է «Ինտերի» մամուլի ծառայությունը։
Մխիթարյանը «Փյունիկի» հետ դարձել է Հայաստանի, Դոնեցկի «Շախտյորի» հետ՝ Ուկրաինայի, Դորտմունդի «Բորուսիայի» հետ՝ Գերմանիայի, «Մանչեսթեր Յունայթեդի» հետ՝ Անգլիայի սուպերգավաթակիր։
«Ինտեր» - «Միլան» հանդիպումը տեղի կունենա հունվարի 18-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։