Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն մեկնել է ԱՄՆ. այցը նախատեսված է հունվարի 17-ից 20-ը։ Այս մասին տեղեկացրել է թուրքական արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը։

Հունվարի 18-ին Չավուշօղլուն բանակցություններ կվարի ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Հանդիպումը կայանալու է Թուրքիա-ԱՄՆ Ռազմավարական մեխանիզմի շրջանակում։


Կողմերը կքննարկեն երկկողմ հարաբերությունների բոլոր հարցերը, ինչպես նաեւ կարծիքներ կփոխանակեն տարածաշրջանային թեմաների վերաբերյալ։

Նախատեսված են Չավուշօղլուի հանդիպումները Վաշինգտոնի եւ Հյուսթոնի վերլուծաբանական կենտրոնների ներկայացուցիչների, ինչպես նաեւ ԱՄՆ-ում ապրող թուրքերի հետ։

Մեւլութ Չավուշօղլուն կմասնակցի նաեւ Հյուսթոնում Թուրքիայի Գլխավոր հյուպատոսության նոր գրասենյակի բացմանը։

Այցի վերջին օրը Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Նյու Յորքում կհանդիպի ՄԱԿ ԳՎ 77-րդ նստաշրջանի նախագահ Չաբա Կյորոշիի հետ։

Նյու Յորք մեկնելուց առաջ, հունվարի 17-ին, Չավուշօղլուի մասնակցությամբ Վաշինգտոնում տեղի կունենան խորհրդակցություններ Թուրքիայի եւ ԱՄՆ-ի պատվիրակությունների միջեւ. պատվիրակությունները գլխավորում են Թուրքիայի փոխարտգործնախարար Սեդաթ Օնալը եւ ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերի գծով տեղակալ Վիկտորյա Նուլանդը։