ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Կատարի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահ Շեյխ Համադ բին Խալիֆա բին Ահմադ Ալ-Թանիին:
ԱԺ-ից հայտնում են, որ հանդիպումը նախաձեռնած Կատարի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահը ներկայացրել է մեկ ամիս առաջ Դոհայում կայացած ֆուտբոլի աշխարհի առաջնությունից անմիջապես հետո իրականացվելիք ծրագրերը:
ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ աշխարհի խաղերի կազմակերպումը մեծ մարտահրավեր է Կատարի համար, ինչը պատվով ընդունեց երկիրը: Ալեն Սիմոնյանը տեղեկացրել է, որ Հայաստանում եւս ֆուտբոլն ամենադիտարժան եւ ամենատարածված մարզաձեւն է, եւ ենթակառուցվածքի զարգացման, ներդրումների խնդիր կա:
Հանդիպմանը Կատարի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահին է փոխանցվել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի առաջարկը՝ առաջիկայում Հայաստան-Կատար ազգային հավաքականների ընկերական խաղ անցկացնել: Առաջարկը սիրով ընդունվել է: