Այո, Սպարապետից հետո բանակ չենք ունեցել: Այս մասին այսօր՝ հունվարի 28-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը:

«Դուք չիմացա՞ք ինչ եղավ, նախորդ իշխանություններն ինչ արին: Ես չեմ ասում Փաշինյանը սուրբ է, ես սուրբ եմ, բայց այն թերացումներից հետո, որ կային, երեք տարում չես կարող բանակ ունենալ: Եթե ադրբեջանցին 15-20 տարի ռազմական ժամանակակից տեխնիկա էր ձեռք բերում, մենք ասում էինք՝ մարտական ոգի ունենք: Եթե մեր նախորդ իշխանություններն ասում էին՝ բանակցություններով ոչ մի հարցի լուծում չի լինի, պետք է մենք պատրաստվեինք պատերազմի, պետք է զինվեինք այդ տարիների ընթացքում: իսկ Սպարապետի օրոք մեր բանակը Հարավային Կովկասում եղել է ամենամարտունակը»,-ասաց նա:


Սասուն Միքայելյանը հայտարարեց, որ թշնամին կարողացավ գրավել, որովհետեւ այս տարիների ընթացքում բանակը մի տեսակ այլ ուղղությամբ գնաց. «Դրան գումարած, ինչքան ստրատեգիական նշանակության օբյեկտներ ունեինք, տվինք ռուսին՝ «գույք պարտքի դիմաց»: Կամաց-կամաց թուլացրինք մեզ:

Զենք-զինամթերքի հետ կապված նախորդ իշխանությունները պայմանագիր են կապել Ռուսաստանի հետ, որ առանց Ռուսաստանի թույլտվության մենք որեւէ այլ պետությունից իրավունք չունենք զենք գնելու»,-ասաց նա: