ԱՄՆ-ն համաձայնել է մեծ հեռահարության ռումբեր ուղարկել Ուկրաինային, մինչդեռ Կիեւը պատրաստվում է գարնանային հարձակման՝ նպատակ ունենալով վերադարձնել անցյալ տարի Ռուսաստանի կողմից գրավված տարածքները: Այս մասին հայտնել են ամերիկացի պաշտոնյաները՝ հաստատելով, որ նոր սպառազինությունը մոտավորապես կկրկնապատկի հարձակողական զենքի գործողության շառավիղը, որն ավելի վաղ մատակարարվում էր Ամերիկայի կողմից, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

ԱՄՆ-ն ցամաքային տեղակայման փոքր տրամագծի ռումբեր կմատակարարի 2,17 միլիարդ դոլար արժողությամբ օգնության փաթեթի շրջանակում, որը, ինչպես սպասվում է, կհայտարարվի ուրբաթ, հայտնել են մի քանի ամերիկացի պաշտոնյաներ:


Փաթեթն առաջին անգամ ներառում է ՀՕՊ տարբեր համակարգերի հաղորդակցման սարքավորումներ։

Մի քանի ամիս շարունակ ամերիկյան իշխանությունները չէին համարձակվում Ուկրաինա ուղարկել հեռահար սպառազինության համակարգեր՝ վախենալով, որ դրանք կօգտագործվեն Ռուսաստանի ներսում թիրախների համար, ինչը կհանգեցնի հակամարտության սրմանը եւ էլ ավելի կներգրավի ԱՄՆ-ին։

Մեծ հեռահարության ռումբերը սպառազինությունների եւս մեկ ժամանակակից համակարգ են՝ «Աբրամս» տանկերից եւ «Պատրիոտ» հակահրթիռային համալիրներից հետո, որը ԱՄՆ-ն, ի վերջո, համաձայնել է տրամադրել Ուկրաինային։

Այսօրվա դրությամբ ԱՄՆ-ի մատակարարած հրթիռների գործողության շառավիղը չի գերազանցում 80 կիլոմետրը։ Օգնության նոր փաթեթում ֆինանսավորումը նախատեսված է երկարաժամկետ գնումների համար, ուստի դեռ պարզ չէ, թե որքան ժամանակ կպահանջվի, մինչեւ ռումբերը հայտնվեն Ուկրաինայում մարտի դաշտում: