Մենք պետք է ձեռնպահ մնանք այս դեպքի հետ կապված էմոցիոնալ դրսեւորումներից. վարչապետի դիրքորոշումը չեմ կարող ասել, որ եղել է իրավաչափ կամ օրինաչափ զուտ այն տեսանկյունից, որ դա շտապողականություն է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Ազատ գյուղում զինվորների կացարանի ողբերգական հրդեհի գործով մեղադրյալ կապիտան Եղիշե Հակոբյանի փաստաբան Հովսեփ Սարգսյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք անմեղության կանխավարկածի խախտում չէ, երբ դեպքից մի քանի ժամ անց կառավարության նիստում վարչապետը վարկած ներկայացրեց եւ մեղադրեց կապիտան Եղիշե Հակոբյանին:

«Գուցե շտապել են գնահատականներ տալուց կամ աշխատանքային վարկած առաջ քաշելուց եւ դա որպես հաստատված հանգամանք հանրությանը ներկայացնելուց: Այս պահին փաստ է, որ վարույթն իրականացնող մարմինն առաջ է քաշել տարբեր վարկածներ:


Կարծում եմ՝ վարչապետի այդպիսի հանրային ելույթը արդարացված չէ: Հրամանատարական կազմի պաշտոնանկությունները եւս արդարացված չեն, որովհետեւ քաղաքացիները մտածում են՝ եթե ազատել են, ուրեմն մի բան գիտեն, ուրեմն մի բան հաստատվել է: Մենք արդեն ունենք 15 կորուստ, հիմա էլ նորից սխալ ենք գործում, որը հետո չկարողանանք շտկել: Բա որ պարզվի, որ կորպուսի հրամանատարը կամ որեւէ այլ հրամանատար որեւէ մեղք չի ունեցել, մենք ի՞նչ ենք անելու: Չի կարելի կատարել քայլեր, որ հետո ստիպված լինես այդ քայլերից հրաժարվել:

Եթե վարչապետը մի բան ասել է, դա դոգմա չէ, բայց դա հեղինակավոր է, որը կարող է վաղը դառնալ վարույթն իրականացնող մարմինների համար պլանը, գծագիրը, նրանք կարող են ասել՝ դե քանի որ վարչապետն ասել է, բերեք հաստատենք այս հանգամանքը»,-ասաց փաստաբանը:

Դիտարկմանը, որ մահացած զինվորների ծնողները պատմում են, որ նրանք միջանձնային խնդիրներ են ունեցել, կապիտանի փաստանանն ասաց. «Նման որեւէ տեղեկատվություն հայտնի չէ: Կոնկրետ Եղիշե Հակոբյանի հետ որեւէ տարաձայնություն չեն ունեցել, ինձ որեւէ նման տվյալ հայտնի չէ: Թե ով ինչ տեղեկատվություն գիտի, թող նախաքննական մարմնին հայտնեն: Դա կարող է էլի բամբասանքների, ասեկոսեների շարքից լինել: Առաջ է քաշվում մի վարկած, որն առաջին օրերին բացակայում էր: Հերթական անգամ ջուր պղտորելու տարբերակով փորձ է արվում ինչ-որ բան որսալ»:

Նա նկատեց, որ առաջնային նշանակություն ունեն դիակների դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունները. «Երբ դրանք բոլորը կստանանք, միայն դրանց ծանոթանալուց հետո ես կարող եմ եզրահանգում անել: Մենք դեռ չգիտենք, թե այդ 15 հոգուց ով ինչից է մահացել: Այո, հայտնաբերվել են դիակները ծխահարված, վառված վիճակում, բայց դա չի նշանակում, որ մահվն պատճառը դա է եղել»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:

Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը և ևս 7 բարձրաստիճան զինվորականներ։

Դեպքից ժամեր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ներկայացրեց պաշտոնական վարկածը, ըստ որի սպան բենզին է լցրել վառարանի վրա, ինչից հետո, երբ կրակն իրեն է անցել, «ինքնապաշտպանական բնազդով» բենզինի 5 լիտրանոց տարան նետել է կացարանի ուղղությամբ, ինչն էլ հրդեհի պատճառ է դարձել։

Ավելի ուշ դասակի հրամանատարը լրագրողներին հայտնել էր, որ կացարանում բենզին չի եղել, ըստ էության, հերքելով վարչապետին: Զինդատախազը ևս հայտարարել էր, որ դեռ պարզ չէ՝ բենզին է եղել, թե դիզվառելիք:

Նշենք, որ հրդեհի դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու և ավելի անձի մահ)։