Ելաբուգայում կարող է կառուցվել կամիկաձե դրոնների գործարան, այս մասին գրել է ամերիկյան The Wall Street Journal-ը։ Թերթի տվյալներով՝ հունվարին թաթարական քաղաք է այցելել պատվիրակություն Իրանից, որը կօգնի անօդաչուների արտադրություն հիմնել։ Գործարանի հզորությունը կկազմի տարեկան 6 000 անօդաչու, այն կարտադրի իրանական Shahed-136-ներից ավելի արագ եւ հեռահար տարբերակներ։ ԱՄՆ-ն քանիցս հայտարարել է, որ Թեհրանը դրանք մատակարարում է Մոսկվա՝ հատուկ գործողությունում օգտագործելու համար։ Կրեմլը հերքում է այդ տեղեկությունները։
Մոսկվան եւ Թեհրանը մտադիր են մարտական անօդաչուներ արտադրող համատեղ գործարան ստեղծել, որոնք կկիրառվեն Ուկրաինայում հատուկ գործողության գոտում։ Այս մասին տեղեկացրել է The Wall Street Journal-ը՝ հղում կատարելով ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներին։
Պարբերականի տվյալներով՝ հունվարի սկզբին Իրանից Ռուսաստան է այցելել պատվիրակություն՝ ապագա գործարանի տեղը որոշելու եւ նախագծի գործարկման մանրամասները քննարկելու համար։ Ձեռնարկությունը պետք է կառուցվի Թաթարստանում, Ելաբուգայում, հզորությունը կազմելու է տարեկան 6 000 կամիկաձե դրոն։
Ինչպես գրել է WSJ-ն, իրանական պատվիրակության կազմում էին բրիգադի գեներալ Աբդոլա Մեհրաբին, որը գլխավորում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմաօդային ուժերը, եւ Quds Aviation Industry իրանական ընկերության գործադիր տնօրեն Ղասեմ Դամավանդիանը։
Մարտական անօդաչուների համատեղ արտադրության վերաբերյալ Մոսկվայի եւ Թեհրանի բանակցությունների մասին ԱՄՆ իշխանությունները նախազգուշացնում էին դեռեւս անցած տարվա դեկտեմբերին։ Հունվարի 5-ին իրանական պատվիրակությունը ժամանել է Ելաբուգա, որտեղ ծանոթացել է գործարանի կառուցման վայրին։
Թաթարստանում, WSJ-ի տեղեկացմամբ, կարտադրվի Shahed-136 անօդաչուի արդիականացված տարբերակը՝ նոր շարժիչով, որը թույլ կտա, որ սարքն ավելի արագ եւ ավելի հեռու թռչի։
Հրապարակման հեղինակները նշել են, որ նոր ձեռնարկությունը եւ նրա արտադրանքը չեն ազդի Ուկրաինայում ուժերի ներկայիս հավասարակշռության եւ գարնանն սպասվող ռուսական զորքերի հարձակման վրա, քանի որ գործարանի կառուցումը բավական ժամանակ կտեւի։ Սակայն թերթը չի բացառում, որ անօդաչուները կարող են Մոսկվայի կողմից օգտագործվել այլ հակամարտություններում կամ կարող են արտահանվել։
Ըստ WSJ-ի աղբյուրների՝ գործարանի կառուցումը մտնում է Ռուսաստանի եւ Իրանի միջեւ 1 մլրդ դոլար արժողությամբ գործարքի մեջ։ Դրա շրջանակում Մոսկվան, իբր, Թեհրան կմատակարարի արեւմտյան զենք, որը զավթել է Ուկրաինայում։
Բացի այդ, պարբերականը խոստացել է, որ հունվարի 6-ին, երբ արդեն հայտնի էր Թաթարստանում գտնվող իրանական պատվիրակության այցի մասին, ԱՄՆ-ը անհատական տնտեսական պատժամիջոցներ է մտցրել Quds Aviation Industry-ի տնօրեն Դամավանդիանի դեմ։