«Մալաթիայի» տոնավաճառն այսօր՝ փետրվարի 7–ին, վերաբացվել է։ Այս մասին  ասաց տոնավաճառի տնօրեն Սամվել Ավետիսյանը։

«Տոնավաճառի բոլոր տաղավարները վերաբացվել են։ Մենք հրդեհային անվտանգության տեսչական մարմնին դիմում էինք գրել, որ առավել հրդեհավտանգ թերություններն ուղղված են, իրենք էլ համաձայնեցին, փորձարկումներ արեցին, եւ տոնավաճառը վերաբացվեց։ Իրենք մեզ էլի ցուցումներ են տվել, որոնց ուղղությամբ պետք է աշխատենք»,- նշեց Ավետիսյանը։


Հիշեցնենք՝ Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ «Մալաթիա» տոնավաճառն փետրվարի մեկից չի գործում։ Անցած տարի իրականացված ստուգումների ընթացքում տեսչական մարմնի արձանագրած 17 խախտումներից 12-ն են վերացվել, մյուսների համար՝ տոնավաճառի տնօրենի խոսքով՝ երկար ժամանակ է պետք։

Տոնավաճառի աշխատակիցներն փետրվարի մեկին, բողոքի ակցիա էին իրականացրել՝ պահանջելով թույլ տալ աշխատել, մինչեւ հայտնաբերված խախտումները վերացնելը։

Տոնավաճառի տնօրենը աշխատակիցներից մի քանիսի եւ տեսչական մարմնի ներկայացուցիչնեի հետ կարճ զրույցից հետո հայտարարեցին, որ գնում են տեսչական մարմին՝ քննարկելու անելիքները։ Շուկայի սեփականատերը աշխատակիցներին հորդորեց դադարեցնել բողոքի ակցիան եւ տուն գնալ։

Տեսչական մարմնում ունեցած հանդիպման արդյունքում, ըստ պաշտոնական հաղորդագրության, պայմանավորվածություն էր ձեռքբերվել, որ տոնավաճառի սեփականատերը՝ Տեսչական մարմնի մասնագետների ներգրավմամբ, հստակ եւ ինտենսիվ միջոցառումներ իրականացնի արձանագրված խնդիրների լուծման ուղղությամբ, որոնք կարող են հրդեհի սպառնալիք լինել, որից հետո կքննարկվի տարածքում գործունեություն իրականացնելու արգելքը վերացնելու հարցը։