«Հրապարակ» թերթը գրում է. «Սեյրան Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելու փակ-գաղտնի քվեարկությանը ՔՊ-ի 71 հոգանոց ֆրակցիայից չեն մասնակցել 3-ը։ Մնացած 68-ը մեկ մարդու պես կողմ են քվեարկել։ Առաջին եւ երկրորդ միջնորդություններին կողմ է քվեարկել 68, երրորդ՝ գաղտնի միջնորդությանը՝ 66 պատգամավոր: Բանն այն է, որ 2 պատգամավոր` Դավիթ Դանիելյանն ու Դավիթ Առուշանյանը, չունեն պետական գաղտնիք պարունակող նյութերին «դոստուպ», այդ պատճառով փակ նիստին ու քվեարկությանը չեն մասնակցել։ Դավիթ Դանիելյանի մասով ՔՊ-ից ասացին, որ նման թույլտվություն ստանալու օրերին բացակայել է երկրից, իսկ հետո ինչ-ինչ պատճառներով չի ստացել, իսկ գյումրեցի Դավիթ Առուշանյանը վերջերս է ստացել մանդատը եւ չի հասցրել անցնել այդ ընթացակարգով։
3 բացականերից Մարիամ Պողոսյանը գործուղման է, մյուս երկուսը` Գուրգեն Մելքոնյանն ու Վիգեն Խաչատրյանը, տեղեկացրել էին, թե հիվանդ են։ Սակայն ՔՊ-ում վստահ են, որ Գուրգեն-Գագիկ Մելքոնյանին հետ է պահել Սեյրան Օհանյանի հետ երբեմնի մտերմությունը։
Հիշեցնենք, որ Մելքոնյանը 2000-2008 թթ․ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալն է եղել՝ զինված ուժերի թիկունքի պետը։ Իսկ Օհանյանը 2007-ից՝ ՊՆ ԳՇ պետը, 2008-ից` նախարար»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում