Օտագոյի (Նոր Զելանդիա) համալսարանի գիտնականները պարզել են, թե որ երկրները գոյատեւելու առավելագույն շանսեր ունենում, եթե մոլորակի վրա ատոմային զենքի կիրառմամբ դիմակայության արդյունքում միջուկային ձմեռ տեղի ունենա, հաղորդում է Planet-today-ը:
Հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են Risk Analysis ամսագրում, նվիրված է եղել միջուկային պատերազմից հետո գոյատեւման հնարավորություններին: Նոր Զելանդիայից գիտնականները վստահ են, որ ամենաբարձր շանսերն ունեն այն երկրները, որոնք մյուսներից ավելի արագ կկարողանան կարգավորել գյուղատնտեսությունը նոր պայմաններում։
Եթե միջուկային զենքի օգտագործումը տեղի ունենա լայն մասշտաբով, փոշու ամպերը, հրդեհներից մուրը կբարձրանան երկինք: Վտանգ կա, որ դրանք երկար ժամանակ կփակեն կամ զգալիորեն կնվազեցնեն արեւի ճառագայթների մուտքը մոլորակի մակերես։
Առանց արեւի, ինչպես հայտնի է, բուսաբուծությունն անհնար է։ Գիտնականները հաշվարկել են, որ առաջատար միջուկային տերությունների հարվածների լուրջ փոխանակման դեպքում հետեւանքներն աղետալի կլինեն. մի քանի տարվա ընթացքում հարավային կիսագնդում կոչնչացվի գյուղատնտեսական մշակաբույսերի եւ վայրի բույսերի շուրջ 80 տոկոսը, իսկ ավելի շատ՝ հյուսիսային կիսագնդում:
Գոյատեւման հնարավորություններ կան միայն այնտեղ, որտեղ արեւը՝ չնայած նվազ, կարող է ճեղքել ամպերի միջով: Սրանք հինգ կղզային պետություններ են՝ Ավստրալիա, Իսլանդիա, Նոր Զելանդիա, Սողոմոնյան կղզիներ, Վանուատու: Նրանք նաեւ շահում են նրանով, որ մեկուսացված են եւ արդեն ի սկզբանե հարմարեցված են ինքնավար կյանքի համար։